2 000 դրամանոց ձվերը բրենդային են, Զատկից ամիսներ առաջ էլ էին այդ գնով վաճառվում․ ինչ է պատճառաբանում ՏՄՊՊՀ-ն

Զատկի տոնին ընդառաջ՝ ձվի աննախադեպ գնաճ գրանցվեց։ Թեև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում էր, որ գինը կնվազի, սակայն պատկերը բոլորովին այլ էր։ Խանութներում ու սուպերմարկետներով ոչ միայն ձվի գինը չիջավ, այլև դրան գումարվեց դեֆիցիտը։ Որոշ խանութներում վաճառքն իրականացվում էր նույնիսկ սահմանափակ թվով, որոշներում՝ ընդհանրապես չկար։

 

Թե ինչով էր պայմանավորված ստեղծված իրավիճակը, փորձեցինք պարզել ՏՄՊՊՀ-ից։ ԼՈՒՐԵՐ․com-ի հարցին ի պատասխան ՏՄՊՊՀ-ից փոխանցեցին, որ, ըստ իրենց արձանագրության, Զատկից առաջ ձվի գինն իսկապես իջել է․ «ՀՀ-ում գործող խոշոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք ՏՄՊՊՀ տիրույթում են գտնվում, օրական 860-900 հազար ձու էին բաց թողնում, ձվի գինը դարձել էր 62-64 դրամ։ Այս օրերին, քանի որ ձուն շատ արագ էր սպառվում, խանութներում մնացել էին միայն տուփերով կամ ֆիրմային ձվերը։ 2000 դրամով վաճառվող ձվերը  բրենդային են, հավաստիացնում ենք, որ դրանք Զատկից ամիսներ առաջ էլ էին այդ գնով վաճառվում։ Մեր խնդիրն է ուսումնասիրել և վերահսկողություն իրականացնել լայն սպառում ունեցող շուկաները, որոնք հատիկով ձվեր են բաց թողնում, դրանց գինը 90 դրամից այժմ իջել է 70-75 դրամ։ Իսկ բացթողնման գինը դարձել է 64-65 դրամ։ Վարկած կա, որ արտադրողականությունն իջել է, ինչպես փաստում էին թռչնաբույծները՝ պատճառաբանելով, որ քովիդի ժամանակ բավականաչափ ճուտ չի ներկրվել, ճտի ներկրումը սկսել է իրականացվել նոյեմբեր ամսին, որի պատճառով արտադրողականությունը նվազել է և չեն կարողացել բավականաչափ ձու բաց թողնել շուկա»,- ասացին կառույցից՝ ընդգծելով, որ ՏՄՊՊՀ-ի խնդիրը ընդամենը գերիշխող դիրք ունեցող սյուբյեկտների չարաշահումներին հետևելն է։ 

Ինչ վերաբեդրում է ձվի դեֆիցիտին, ապա ՏՄՊՊՀ-ում երեք վարկած են քննարկում․ «Մենք վարույթ ենք հարուցել՝ պարզելու՝ արդյոք  կա արհեստական ձվի դեֆիցիտի ստեղծում խոշոր տնտեսվարողների կողմից, արդյոք կա գնի չարաշահում դեֆիցիտի ստեղծման հիմքով, արդյոք կա կազմակերպություն, որը ձուն դուրս է բերում շուկայից նման իրավիճակ ստեղծելու համար»,- նշեցին ՏՄՊՊՀ-ից։ 

 

Նշենք, որ համացանցում տարածվում էին լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստում էին ձվի պակասի  ու գնի բարձրացման մասին։ Ձվի գինը հասնում էր մինչև 210 դրամի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.