Շուրջ 7000 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ համաձայն որոշման` մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կստանան ևս 2840 ուսանողներ, որոնցից 2651-ը՝ բարձրագույն, 189-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող։ Նախարարի խոսքով` նշված որոշման շրջանակումփոխհատուցումից կօգտվեն ԲՈՒՀ-երի և ՄՄԿՈՒ հաստատությունների կողմից հավաքագրված և 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուները։

Վահրամ Դումանյանը նաև հիշեցրել է, որ մինչ այդ՝2021 թվականի փետրվարի 4-ի նիստում Կառավարությունը որոշում էր կայացրել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուների քանակով ուսման վարձի փոխհատուցում հատկացնել 1373 ուսանողի, որոնցից  1303-ը՝ բուհերի, իսկ 70-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող։ Այդ նպատակով հատկացվել էր 304 մլն  960 հազարդրամ։

Վերոնշյալ երկու որոշումներով ընդհանուր առմամբ Կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 895 մլն 400 հազար դրամ գումար, որով 4213 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` ծրագրում ընդգրկված շահառուների 82 տոկոսը ՀՀ պետական բարձրագույն ևմիջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ են, 18 տոկոսը` ոչ պետական հաստատությունների  ուսանող:

 

Ընդհանուր առմամբ պատերազմի մասնակիցներին ուսման վարձի փոխհատուցման սոցիալական ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը հասնում է մոտ 7 հազարի:

2020 թ.-ի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է:

Ներկայումս արդեն ամփոփվել են ևս 1905 ուսանողների տվյալները: Նրանց 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է շուրջ 408 մլն 989 հազար դրամ։Կառավարության համապատասխանորոշումները կկայացվեն առաջիկայում:

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում և ներառված է եղել հետպատերազմական միջոցառումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների ցանկում:

«Նախապես նախատեսված էր, որ պատերազմական գործողությունների մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն կհատկացվի 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում, սակայն հետագայում ծրագիրը կիրառվեց՝ որպես մեկ կիսամյակի ուսման վարձի հատուցման ծրագիր:

Այսինքն` եթե կան ծառայության մեջ գտնվող ուսանողներ, որոնք դեռևս ծառայում են կամ զորացրվել են որոշման ընդունումից հետո, անպայման ստանալու են մեկ կիսամյակի վարձի փոխհատուցումը»,- նշել է վարչապետը:

Այդ նպատակով սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2008-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը՝ հստակություն մտցնելու համար։

Նշենք, որ ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի՝ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե նա անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը մասնակցել են մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ:

Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.