Շատ կուզեմ՝ ակադեմիական քաղաքի գաղափարն իրականություն դառնա. վստահեցնում եմ՝ բուհերի շենքերին որևէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Վստահեցնում եմ՝ շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, անհոգ եղեք, նման որոշում չկա, կա գաղափար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար ունեն վաճառել բուհերի շենքերն ու վաճառքի գումարով կառուցել ակադեմիական քաղաք։

«Ես կուզեմ, որ շրջանառվող գաղափարը դառնա իրականություն՝ մեր երազած ստեղծագործական միջավայրով։ Չկա հստակ վայր, կա հաստատուն կամք՝ դա անել՝ կարևորելով ոլորտը»,- նշեց նա՝ կարևորելով հարցի բովանդակային մասին անդրադառնալը։

«Շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չէ, խնդիրը նոր շենքերն են, նոր քաղաքն է։ Խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է։ Չենք կարող «նկուղային» պայմաններում չենք կարող ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել։ Հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում՝ ինչ-որ շենք ծախելու, անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ, նման որոշում գոյություն չունի։ Առավել ևս գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ որոշում՝ վաճառել ԵՊՀ շենքը»-ասաց նա՝ նշելով, թե սերունդներին թողնելու են լավ բուհեր։

 

«Դա մեր գերագույն ցանկությունն է։ Ունեցել ենք գիտություն, կրթություն՝ «անցյալ ժամանակով», բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դա ասեք «ներկա շարունակականով»։ Մենք չենք խոսում անցյալով, ունենք այն, ինչ ունենք, պետք է պահպանենք, զարգացնենք»,-նշեց նա։

Հարցին՝ այսինքն՝ հերքո՞ւմ է բուհերի շենքերը վաճառելու ու ակադեմիական քաղաք կառուցելու մասին Փաշինյանի հայտարարությունը, Դումանյանը պատասխանեց․

«Ես իրավասու չեմ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել, եթե ունեք հնարավորություն, վարչապետին ուղղեք այդ հարցը, քանի որ դա կառավարության որոշում չէ, վարչապետն ավելի հստակ կբացատրի՝ ինչ է ասել։ Կասեմ՝ ինչ եմ ես հասկանում դրա տակ՝ եթե իրականություն դառնա այն գաղափարը, որի մասին խոսեց վարչապետը, շատ բուհերի մոտ բնական ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը, և այն կառույցները, որոնք մինչ այդ բուհ են եղել, բայց այլևս ոչ նպատակահարմար կլինի դրանցում բուհական կրթություն իրագործելը, կարելի է և՛ վաճառել, և՛ ներդնել»,- ասաց նա՝ նշելով նաև, որ եթե բոլոր շենքներն էլ վաճառվեն, գումարը չի բավարարելու նպատակն իրականություն դարձնել, քանի որ լրջագույն ներդրումներ են անհրաժեշտ։

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.