«Հրապարակ». «Էն գա իմ տուն որպես ի՞նչ»․ զոհված եղբայրների հայրը չի ընդունել Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, այնքան էլ գոհ չէ Արագածոտն կատարած իր այցից։ Թեև իշխանական մեքենան հանրությանը փորձեց մատուցել այնպիսի պատկեր, որ պատերազմից հետո էլ ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին և նրան աղուհացով, գրկաբաց է ընդունում, համբուրում «փրկչի» ձեռքերը, խնդրում-աղաչում, որ նախկինների հարցերը լուծի, որովհետև նրանք են ամեն ինչի մեղավորը, սակայն Նիկոլ Փաշինյանի կերտած ֆեյքահայաստանն էականորեն տարբերվում է իրական Հայաստանից, և այդ փաստը, մեր տեղեկություններով, հունից հանել է նաև Նիկոլ Փաշինյանին, ստիպել, որ նա վերանայի իր ծրագրերը։ Մասնավորապես՝ նոր օրենսգրքով գնա ընտրություններին, որը կարող է շանս տալ ցածր ռեյտինգի դեպքում շատ ձայն տանելու։ 

 

Ինչ վերաբերում է Արագածոտնի համայնքներ կատարած այցելություններին, մեզ ասացին, որ դա բավականին անակնկալ այց է եղել, բայց վստահելի մարդկանց նախապես հանձնարարվել է, որ պատշաճ աշխատանք իրականացնեն և հնարավորինս մարդաշատ հանդիպումներ կազմակերպեն, սակայան այդ օրը պարզվել է, որ ամեն գյուղում Փաշինյանին լավագույն դեպքում 50-100 մարդ է սպասում։

Մենք տեղեկացանք, որ Օհանավանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների կազմակերպիչը ոմն Վարդան Պողոսյան է եղել, ով իր վրա է վերցրել մարդաքանակ ապահովելու գործը։ Նա Նիկոլ Փաշինյանի վաղեմի համակիրն է, ըստ լուրերի՝ նաև կազմակերպել է դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Օհանավանի եկեղեցի այցը, մի խումբ մարդկանց է տարել եկեղեցու բակ, ովքեր ողջունել ու ջերմ խոսքեր են ասել Փաշինյանի ու նրա տիկնոջ հասցեին։ Այս այցից ոգևորված՝ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է շաբաթ օրվա թիմային այցելությունն Արագածոտն։ Բայց Վարդանին չի հաջողվել մեկ-երկու տասնյակից ավելի մարդկանց համոզել, որ դուրս գան ու դիմավորեն վարչապետին։ Նա տնետուն ընկած՝ մի քանի օր փորձել է իրազեկել, համոզել համագյուղացիներին, որ գան հանդիպման, բայց մեծամասնությունը նրան գրեթե վռնդել է իրենց տներից՝ ասելով, որ գյուղը պատերազմում վեց զոհ է տվել, և անամոթություն է գնալ ու ողջունել «ոճրագործին»։ Զոհվածների ընտանիքներից երկուսին են միայն համոզել, որ ընդունեն վարչապետին։ 

 

Մենք կապ հաստատեցինք Վարդան Պողոսյանի հետ, նա պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ «երկա՜ր» ճանապարհ է անցել, դեռ 2006-ից եղել է նրա համակիրը․ «Միշտ իր կողքն եմ եղել ու կմնամ։ Նիկոլ Փաշինյանը երբ սկսել է իր գործունեությունը, սկսել է մեր գյուղից, ու ես եմ եղել էդ գործի գլավարը։ Բայց էդ էլ ասեմ, որ «Քաղպայմանագրի» անդամ չեմ, ուղղակի իրեն հարգելով, էս իշխանություններին (նկատի ունի նախկիններին՝ Լ․Շ․)  չսիրելով՝ անցել ենք Նիկոլի կողքը։ Էդքան բան»։ 60-ամյա Վարդան Պողոսյանը կատակեց՝ մի 20 տարի «էս գործի մեջ կանք»։ Հարցրինք՝ պատերազմից հետո չե՞ք հիասթափվել։ «Չէ, էլի իր կողքին ենք, չգիտեմ՝ ինքը սխալներ ունի, թե չէ, բայց, եսիմ, հարգում ենք ու մտածում, որ պատերազմն իրա մեղքով չէր, հաստատ իրա մեղքով չէր։ Էդ մարդն ինչի՞ց խաբար եղավ որ, ինչքան կարեցավ, զենք առավ, ինչքան ուժը պատեց, արեց, խաբում էին իրան սաղ կողմից՝ հաղթել ենք, հաղթել ենք, բայց պարզվեց, որ կրվել ենք»։

Գյուղը 2 հազարից ավելի բնակիչ ունի, շաբաթ օրը Փաշինյանի հանդիպմանը ներկա է եղել մոտ 50-80 մարդ, Փաշինյանի օհանավանցի աջակիցը խոստովանում է՝ քիչ էին․ «Էս անգամ քիչ էր, չենք կարա բան անենք․․․»։ Ճի՞շտ է, որ օհանավանցիներն իրեն վռնդել են իրենց տներից, երբ փորձել է Փաշինյանի այցից օրեր առաջ մարդկանց համոզել, որ ներկա լինեն։ «Չէ, այ քուր, չկա ըտենց բան, որ մտնեինք, 50 մարդ չէր ըլնի՝ 150 կըլներ»։ Ի դեպ, Վարդան Պողոսյանը մեր զրույցի սկզբում խոստովանեց, որ Օհանավանի եկեղեցու բակում էլ է ինքը դիմավորել Փաշինյանին, բայց զրույցի վերջում դրանից էլ հետ կանգնեց։ Զոհվածների ընտանիքների հետ չե՞ք բանակցել, որ ընդունեն Փաշինյանին։ «Զոհվածների ընտանիքների անուններն ասել ենք, ինքն էլ գնացել է»։ Իսկ այդ ընտանիքներին զգուշացրե՞լ են վարչապետի այցի մասին։ «Հա, զգուշացրել ենք, երկու ընտանիքն ընդունել են, մեկը չի ընդունել, էն մեկն էլ ընդհանրապես դռները փակել գնացել է գյուղից»,- խոստովանեց նա։ Օհանավանում կա երկու ընտանիք, որոնցից յուրաքանչյուրը երկուական զոհ ունի՝ երկու որդիները գնացել են պատերազմ ու ետ չեն եկել Նիկոլ Փաշինյանին չի ընդունել Միսաք Մելքոնյանը՝ զոհված երկու եղբայրների հայրը։ 

Որդեկորույս հոր՝ Միսաք Մելքոնյանի հետ էլ կապ հաստատեցինք։ «Էն գա իմ տուն որպես ի՞նչ․․․ Ես սրանցից ոչ մի բան չեմ ուզում»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից ոմանք պնդում են, որ որդեկորույս ծնողներն իրենց որդիների զոհվելու մեջ չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, ինքը տեսնո՞ւմ է Փաշինյանի մեղքը, ասաց․ «Ես ամեն ինչ էլ տեսնում եմ, բայց ո՛չ սիրտ ունեմ, ո՛չ հավես, որ խոսեմ։ Ամեն մարդ իրա դարդով, իրա ցավով տառապում է։ Այ, որ իրենք էլ ցավ ունենան, սենց չեն անի, իրենք ուտում-խմում, քեֆ են անում»։

6 զոհ տված Օհանավանում սպասո՞ւմ էիք, որ Ձեր համագյուղացիներն աղուհացով կդիմավորեին կատարվածի թիվ մեկ պատասխանատուին։ «Հավաքածու բաներ են, ընենց չի, որ դիմավորել են»։ Ուզում եք ասել՝ դրսից բերված մարդի՞կ էին, ոչ թե ձեր համագյուղացիները։ «Որտե՞ղ չեն տանում, որ ստեղ էլ չբերեն»։ Իսկ գյուղի մարդիկ չկայի՞ն, ներկա չէի՞ն։ «Դե, կային մի քանիսը, բայց գեղ կա՞, որ շուն չլինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.