Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հրամանագիրն այսօր ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:

«Դեղամիջոցներ գնելու մասին համաձայնագրով Ադրբեջանը «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներկրում կիրականացնի 180 օրվա ընթացքում»,- ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում:

Կառավարության մեկ այլ հրամանագրով նույն ժամանակահատվածում կգնվի և երկիր կմատակարարվի բրիտանական AztraZeneca ընկերության պատվաստանյութը:

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը մեկնարկել է հունվարի 18-ին: Ներկա պահին օգտագործվում է չինական Sinovac Biotech ընկերության ստեղծած CoronaVac դեղամիջոցը, որի 4 մլն չափաբաժին ձեռք բերելու պայմանագիր է կնվել երկրների միջև: Ադրբեջանում պատվաստվել է ավելի քան 435 000 մարդ:

Պաշտոնական տվյալներով՝ համաճարակի ողջ ընթացքում Ադրբեջանում վարակվել է 237 775 մարդ, մահացել՝ 3257-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.