Մոսկվայում գործարարի արտադրած «թունավոր» կարագի պատճառով 91 երեխա աղիքային հիվանդություններ է ձեռք բերել

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել գործարար Ստանիսլավ Պոդոլի դեմ հարուցված քրեական գործը Մոսկվայի նախադպրոցական հաստատությունների 91 աշակերտների աղիքային վարակի փաստի առթիվ։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերահսկիչ գործակալության մամուլի ծառայությանը հղումով։ 

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հաստատել է գործարար Ստանիսլավ Պոդոլի դեմ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Նա մեղադրվում է 6 տարեկանից ցածր երեխաների համար նախատեսված, սակայն սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրության համար: Նշվում է, որ նրա արտադրանքն անփութության պատճառով լուրջ վնաս է հասցրել շահառուների առողջությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետաքննության տվյալների համաձայն, «Ռյազանսկի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Պոդոլը տեղյակ է եղել Ռյազանի կաթնամթերքի գործարանի տարածքում առկա հակասանիտարական պայմանների մասին, որի պատճառով այստեղ արտադրված արտադրանքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին: Այնուամենայնիվ, նա 2018-ի նոյեմբերի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը կազմակերպել է կարագի արտադրություն և վաճառել է արտադրանքն այն կազմակերպություններին, որոնք կարագն օգտագործում են Մոսկվայի Արևելյան վարչական շրջանի նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների սննդի մեջ։ 

Արտադրանքի օգտագործման հետևանքով 91 երեխա և ուսուցիչ աղիքային հիվանդություններ են ձեռք բերել, որոնք տարբեր աստիճանի վնասներ են հասցրել նրանց առողջությանը։ Բացի այդ, աշակերտներից մեկի մոտ աղիքային սուր վարակ է հայտնաբերվել։ 

Երեխաների ծնողները քաղաքացիական հայցեր են ներկայացրել դատարան՝ որպես փոխհատուցում պահանջելով ավելի քան 5 միլիոն ռուբլի։ 

Գործն ուղարկվել է Մոսկվայի Պերովսկիի շրջանային դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.