Անցյալի և ներկայի միջև. Հայաստանում կայուն անկայունություն է. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը կոնսերվացվել է, իսկ անկայունությունը` կայուն դարձել:

Հայաստանում իշխանության համար պայքարը այժմ դիրքային մարտերի փուլում է: Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դիրքավորվել են Ազգային ժողովի շենքի դիմաց:  Այնտեղ անցյալ շաբաթվանից ստեղծվել է վրանային ճամբար, իսկ երկուշաբթի օրվանից  նաև բեմ է տեղադրվել: Շաբաթը մի քանի անգամ այնտեղից Նիկոլ Փաշինյանին անվանում են «դավաճան» ու կոչ անում հեռանալ:

Քանի որ մարտի 3-ին Փաշինյանը գտնվում էր Ազգային ժողովում, անվտանգության միջոցառումները նկատելիորեն ուժեղացվել էին: Լրատվամիջոցները տպավորիչ պատկեր են հրապարակել. ԱԺ շենքի պատշգամբում դիպուկահարներ էին տեղակայված, ինքնաձիգով ծառայողները լցրել էին խորհրդարանի դիմացի այգին, իսկ արահետները «ականապատել» էին լուսաձայնային նռնակներով, դարպասները զոդել էին, տեղակայվել էին վահաններով և մահակներով ոստիկանները:

Եթե իշխանությունները ցանկանում էին ցույց տալ, որ պատրաստ են իրենց պաշտպանել, դա նրանց մոտ ստացվեց, սակայն անվտանգային միջոցառումների ուժեղացումն այդպես էլ պետք չեկավ:

«Հայրենիքի փրկության շարժում»-ից Նիկոլ Փաշինյանի հակառակորդները ցանկանում են գնալ այլ ճանապարհով ՝ ստիպել նրան հրաժարական տալ, փոխարինել նրան կառավարության ժամանակավոր ղեկավարով, որի դերը տրվել է երկրի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին, իսկ դրանից հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Փաշինյանն այլ մարտավարություն է ընտրել: Նա անտեսում է հեռանալու կոչերը, իր կողմնակիցներին դուրս է բերում հրապարակ, երբ ուզում է ցույց տալ, որ նրանց թիվն ավելին է, քան իր հակառակորդները կարող են մոբիլիզացնել, և դրան զուգահեռ բանակցում է արտահերթ ընտրությունների շուրջ տարբեր կուսակցությունների հետ: Նրա նպատակն է այնպես անել, որ խորհրդարանի ցրման դեպքում արտահերթ ընտրություններն անցնեն իր պայմաններով: Այսինքն ՝ առանց Վազգեն Մանուկյանի գլխավորած ժամանակավոր կառավարության, ինչը նշանակում է իր՝ Փաշինյանի վերահսկողության ներքո:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները հասկանում են այս հավանականությունը և մարտի են նետում նոր հին ուժերը: Մարտի 4-ին հարձակման է անցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երևանում կայացած մամուլի ասուլիսում նա գրեթե ուղիղ մեղադրել է Փաշինյանին դավաճանության համար:

Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթանակի դեպքում վերադառնալ երկրի կառավարմանը: Այնուամենայնիվ, նա չի բացառել իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ:

Նշելով, որ ինքը ոչ ոքի չի ուղղորդում, նախկին նախագահը միաժամանակ հորդորել է չվախենալ «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից` ընդգծելով, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ռազմական հեղաշրջումները նպաստել են երկրի առաջընթացին:

Հասարակության մեծամասնությունը ներկա ճգնաժամը ընկալում է որպես վերնախավերի`նախկինի և ներկայի հակամարտություն, նշում է Երևանի Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, որի համոզմամբ` կողմերը ստեղծված իրավճակում պետք է լուծումներ, դրական օրակարգ առաջարկեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.