2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ’ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար: Այս մասին ArmSport-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

2019-ի բյուջեի կատարողականում ևս կա սա փաստող տող:

 
 

ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)» :

Որոշում է կայացվել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք՝ մամուլում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո: Նշվում էր, որ այս որոշումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու առաջին ամիսներին տված խոստումը չկատարելու հետ:

«Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի շախմատիստը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց խոստումը չի կատարել»,- ասվում էր մամուլի հրապարակումներում:

Ըստ մեր աղբյուրների Արոնյանի կողմից ԱՄՆ մեկնելու հարցն իսկապես քննարկվել է ու այն չի բացառվում, այդուհանդերձ հայ գրոսմայստերը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել շրջանառվող խոսակցությունները: Արդյոք նման որոշման պատճառը Կառավարության կողմից ցուցաբերած ոչ բավարար աջակցությու՞նն է, թե՞ կան նաև այլ պատճառներ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ՀՀ շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի փոխանցմամբ, Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.