«Եթե Թուրքիայի հետ տարաձայնությունները չկարողանանք հարթել, ապա կդիմենք միջազգային դատարան». Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ թուրք-հունական հարաբերություններին:

Վարչապետը շեշտել է, որ ինքը միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային և աջակցել, որ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկեն իրենց հիմնական տարաձայնությունը՝ ծովային գոտիների սահմանազատման հարցը։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կգնահատի ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը Միջերկրական ծովի մյուս ծայրում, քանի որ ամռանը իրավիճակը մի փոքր «կծու» էր, երկրի ղեկավարը պատասխանել է. 

««Կծու»-ն հետաքրքիր բառ է՝ ամռանը տեղի ունեցածը նկարագրելու համար: Այն, անշուշտ, թեժացել է Թուրքիայի հետ: Մենք նորից կարևորում ենք Արևելյան Միջերկրական ծովի ռազմավարական նշանակությունը: Այն կարևոր է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլ նաև Եվրոպայի համար: Թուրքիայի հետ մեր տարաձայնություններն ազդում են նաև Եվրոպայի հետ նրա հարաբերությունների վրա: Այդ պատճառով, կարծում եմ, Եվրոպան որոշում է կայացրել Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին`կապված երկրի կողմից ապօրինի հորատման և ածխաջրածինների անօրինական գործունեության հետ Արևելյան Միջերկրական ծովում: Ընդհանուր կարծիք կա, որ Թուրքիան իրեն այնպես է պահում, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և բարեկամության խթանմանը: Ես միշտ բարեկամության ձեռք եմ մեկնել Թուրքիային: Եվ ես միշտ խրախուսել եմ նախագահ Էրդողանին նստել և քննարկել մեր հիմնական տարաձայնությունը, որը մեր ծովային գոտիների սահմանազատումն է: Պատմությունը տասնակյակների վաղեմություն ունի, բայց մենք կարող ենք լուծել այն: Եթե չկարողանանք, կարող ենք դիմել Միջազգային դատարան: Դրա համար գոյություն ունեն միջազգային դատարաններ», - ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ 2020թ․ ամռանը Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.