Կրեմլը Բաքվին և Երևանին հիշեցրեց կարգուկանոնը պահպանելու անհրաժեշտության մասին. լեհական մամուլի անդրադարձը ԼՂ շուրջ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպմանը

Լեհաստանի Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնը (OSW) հրապարակել է հոդված, որում հեղինակ Վայչեխ Գուրեցկին խոսում է հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մոսկվայում կայացած հանդիպման, Լղ շուրջ նոր իրողության համատեքստում Ռուսաստանի դերի կարևորությունը շեշտելու մասին: Այնուամենայնիվ, հեղինակը վստահ է, որ մի շարք պատճառներով դժվար է խոսել Մոսկվայի լիակատար հաջողության մասին, հայտնում է inosmi.ru կայքը:

Հեղինակը նշում է, որ հունվարի 11-ին կայացած հանդիպման նպատակը նոյեմբերի 9-ին  ստորագրված համաձայնագրի կետերի շուրջ քննարկում ծավալելն էր, դրա վերաբերյալ նոր հայտարարություն ստորագրելը:

Նոր ստորագրված փաստաթղթում ասվում է, որ երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 1-ը պետք է պատրաստի և հաստատման ներկայացնի տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված բոլոր միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Հեղինակը նշել է, որ եռակողմ հանդիպմանը հաջորդել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները Ալիևի և Փաշինյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Հանդիպման հիմնական նպատակը, ըստ հոդվածագրի, եղել է Մոսկվայի ձգտումը` ցույց տալու, որ այն շարունակում է մնալ Անդրկովկասի գլխավոր խաղացողը և շարունակում է «ձեռքը զարկերակին պահել»: Դրա մասին է վկայում բանակցությունների եռակողմ ձևաչափը (խոսք չի եղել, օրինակ, Թուրքիայի նախագահին հրավիրելու մասին): Պուտինը, հավանաբար, նաև ցանկանում էր հորդորել, որ երկու առաջնորդներն էլ ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում կարգապահ լինեն: Կրեմլի ղեկավարն այդ հանդիպումն օգտագործել է տարածաշրջանի հետպատերազմյան վերականգնման գործընթացում Ռուսաստանի Դաշնության  հաջողությունը ցուցադրելու նպատակով: 

 

Այդ հաջողությունների շարքում Գուրեցկին առանձնացրել է, ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ 50 000 արցախցիների վերադարձը հայկական կողմի վերահսկողության տակ մնացած շրջաններ, ինչպես նաև շեշտել, որ Լեռնային Ղարաբաղը ստացել է շուրջ 1.5 միլիոն տոննա մարդասիրական օգնություն:

Հանդիպման նախօրեին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերը: Սա, ըստ Գուրեցկիի, ամրապնդել է Մոսկվայի դիրքերը, քանի որ Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, հանդիսանում է պաշտոնապես իր գործունեությունը շարունակող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Հեղինակը նշում է, որ, չնայած կողմերի պարտականությունները հստակեցնող ևս մեկ փաստաթղթի առկայությանը, դժվար է խոսել Մոսկվայի լիակատար հաջողության մասին: Մինչ այժմ գոյություն ունեցող փաստաթղթերով չի կարգավորվել ո՛չ ռուսական խաղաղապահ առաքելության կարգավիճակը տարածաշրջանում, և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի այն տարածքների կարգավիճակը, որոնք մնացել են հայկական կողմի վերահսկողության ներքո: Փաստաթղթի ձևաչափը ցույց է տալիս համաձայնագրերի ոչ ֆորմալ, աշխատանքային բնույթը, որպեսզի դրանք հնարավոր լինի վիճարկել Ադրբեջանում և Հայաստանում: Ըստ ամենայնի, ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնող խաղաղության պայմանագիրը հեռավոր ապագայում է լինելու, նշել է Գուրեցկին:

«Նախևառաջ, Ադրբեջանը շահագրգռված է ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները, քանի որ ցանկանում է հնարավորինս շուտ ցամաքային հաղորդակցություն հաստատել Նախիջևանի էքսկլավի, իսկ հետագայում, նաև, Թուրքիայի հետ: Ճանապարհն անցնելու է հարավային Հայաստանով, ինչը անհանգստացնում է տեղի հայ բնակչությանը: Այսպիսով, այս կետի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները  կարելի է անվանել Բաքվի հաջողություն՝ չնայած Ալիևն ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կկարողանա երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ», - գրել է հոդվածագիրը:

Խոսելով Հայաստանում առկա իրավիճակի մասին՝ Գուրեցկին նշել է, որ գերիների փոխանակման հարցի վերաբերյալ ժամանակացույց մինչ այժմ չի հաստատվել, ինչը վրդովվեցնում է Հայաստանի բնակչությանը:  Նա նշել է, որ Հայաստանի բնակչության մի մասն ու ընդդիմադիր բոլորը ուժերը քննադատում են Փաշինյանին` վերոնշյալ պայմանավորվածությունների համար և պահանջում են կառավարության հրաժարականը: 

Եզրափակելով հոդվածը` հեղինակը գրել է. «Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ֆոնին Մոսկվայում կայացած բանակցություններում Փաշինյանի հնարավոր հաջողությունը կարող էր կասեցնել նրա վարկանիշի անկումը հայրենքիում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.