Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները Բայդենի երդմնակալության արարողությանը մասնացելու ցանկություն են հայտնել, ինչը բարկացրել է Թրամփին․ Insider

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, մտադիր են մասնակցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, հաղորդել են Insider-ի աղբյուրները՝ նշելով, որ Դոնալդ Թրամփն այդ առիթով չափազանց բարկացած է։

Նշվում է, որ ԱՄՆ-ում վերջին օրերին իրադարձությունների անսպասելի ընթացքը սեպ է խրել Թրամփի և իր ընտանիքի որոշ անդամների միջև։ Կոնգրեսի շենքի գրոհից հետո Թրամփի դեմ են արտահայտվում նաև Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ։

Վկայակոչելով հավաստի աղբյուրները՝ Insider-ը գրում է, որ նախագահի չափահաս որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերն այժմ այն սակավաթիվ մարդկանցից են, որոնք սատարում և աջակցում են իրենց հորը։

Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, որ Իվանկան մտադիր է ներկա գտնվել երդմնակալության արարողությանը, քանի որ «մտահոգված է, որ իր խոստումնալից քաղաքական կարիերան վտանգված է, և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկի իր հեղինակությունը»։

Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի մասնակցելու Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, մինչդեռ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մտադիր է մասնակցել այդ արարողությանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.