Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն այլևս զինծառայողներ չուղարկի Արցախ. Արա Ղազարյան

Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ստեղծելու, որի հիման վրա ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այն այլևս զինծառայողներ չուղարկի Արցախ: Այս մասին այսօր «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, տեղեկացնում է Factor.am–ը։

«Այդ լեգենդի նպատակն այն է, որ մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ՝ Ադրբեջանին հաջողվեց 62 հոգու գերեվարել արդեն զինված հակամարտության ավարտից հետո և ներկայացնել լեգենդ, որ այդ խմբավորումներն անօրինական են, հայկական են, բայց գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս: Երբ հարցը տեղափոխվեց ՄԱԿ-ի հարթակ, դա արդեն բավականին պատասխանատու քայլ է, որից հետնահանջ չկա, այսինքն՝ Ադրբեջանը դեռ պետք է շարունակի այդ լեգենդը: Ադրբեջանը ՄԱԿ-ի կառույցներին խնդրեց ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «դիվերսիոն խմբեր» չուղարկվեն Ադրբեջան»,- ասաց Ղազարյանը:

 

Արա Ղազարյանը հիշեցրեց, որ  ամեն դեպքում Ադրբեջանը 62 հայի անվանելով ահաբեկիչ և ՄԱԿ-ի հարթակում նրանց ներկայացնելով որպես դիվերսիոն խմբեր՝ կարող է փակուղու առաջ հայտնվել, քանի որ նման որակում միջազգային իրավունքում  հիմք չկա:

«Ադրբեջանը պետք է փնտրի փաստական հիմք ահաբեկչության համար, սակայն դա չկա: Ուստի Ադրբեջանը պետք է անի այն, ինչ միշտ արել է. այդ մարդկանց պահի մեկուսացման մեջ, փորձի կորզել ցուցմունքներ, որ իրենք իբրև թե ահաբեկիչներ են, որպեսզի իրավական հիմքեր ստեղծվեն: Ադրբեջանի այս ձեռագիրը ծանոթ է: Հայաստանը փաստերի ուժով պետք է կոտրի այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալով, որ դրա նպատակը քաղաքական է, այն է՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից զինվորները ծառայեն ԼՂ-ում՝ դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.