2.5 տարի առաջ, օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկությունից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 28-ի հարցազրույցը, որում Մանուկյանն անդրադարձել է պատերազմին, երկրում ստեղծված իրավիճակին և խոսել ապագայի քայլերի մասին: Ըստ նրա՝ ստեղծված սարսափելի իրավիճակի ողջ դառնությունն այն է, որ կարելի էր խուսափել այս ամենից:

 

«2.5 տարի առաջ օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկություններից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու երկիրը տարավ այլ ուղղությամբ, կամաց-կամաց քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է Սյունիքում, մեր սահմաններին:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեծ կամք դրսևորելու դեպքում հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից և կհաջողվի այս ուղղությամբ համախմբել բոլոր ուժերին:

 

Անդրադառնալով ժամանակավոր կառավարության գործունեությանը՝ Մանուկյանը նշեց, որ այն իր վրա է վերցնելու ամենածանր գործը, և հարվածների տակ պիտի իրականացնի իր քաղաքականությունը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջ քաշեց երեք քայլ, առանց որի հնարավոր չէ ապագա կառուցել: Ըստ նրա՝ առաջինն անվտանգությունն է, հարկավոր է վերականգնել բանակը, այն զինել նոր սպառազինություններով, ինչպես նաև մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները:

Մանուկյանի դիտարկմամբ՝ երկրորդ խումբը տնտեսական, սոցիալական հարցերն են. «Պետք է հայթայթել ֆինանսական միջոցներ, թե ներսից, թե դրսից: Առանց ներդրումների երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Հարկավոր է սպառողական մեթոդներից անցնել ինվեստիցիոն մեթոդների, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար»:

Ըստ նրա՝ երրորդ քայլը հասարակության առողջացումն է: «Մեր  հասարակության զարգացման ուղին պիտի լինի ազատության գաղափարը: Պետք է վերացվի ատելությունը և արտաքին ազդեցությունը. պետք է թույլ չտանք արտաքին աշխարհից գումարներ ստացողներին պղտորել մեր ուղեղները»,- ասաց Մանուկյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.