«Հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ»․ գերիների և անհայտ կորածների համար աղոթք է կատարվել

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է մասնավոր աղոթք՝ արցախյան պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհայտ կորածների և նրանց տունդարձի համար, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագի վերջում, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի,  կատարվեց մասնավոր աղոթքը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին։

Ստորև ներկայացնում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը գերեվարվածների և անհայտ կորածների համար աղոթքի արարողության ժամանակ։

 

««Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև

Աստծու սերը սփռված է մեր սրտերում

Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։

        (Հռոմ․ Ե 5)

Սիրելի հավատավոր հայորդիներ,


Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։ 

Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների տուն վերադարձի հույսը։ Մեր հույսը պարզ մի զգացում, ցանկություն կամ լավատեսություն չէ, այլ Աստծո հավատարիմ սիրո վրա հիմնված վստահություն։ Այն երբեք չի ամաչեցնում, ինչպես ասում է առաքյալը, քանզի Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր սերը սփռել է մեր սրտերում։ Այդ հույսն է, որ մեզ զորացնում է ջերմեռանդ աղոթելու և անվհատ հետամուտ լինելու գերյալ մեր զավակների շուտափույթ ազատությանը, անհայտ կորածների հայտնաբերմանը։

Արցախյան հակամարտությունը, ցավալիորեն, հնարավոր չեղավ կարգավորել բանակցային խաղաղ գործընթացով։ Ադրբեջանական իշխանությունները ռազմատենչ ոգով հակված էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ։ Պատերազմը խաթարեց տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը՝ պատճառելով մեր ժողովրդին մարդկային և տարածքային ծանր կորուստներ և անհուն վիշտ ու ցավ։ Նույն վարքագիծը ադրբեջանական իշխանությունները շարունակում են նաև այսօր՝ տարածքային նկրտումների հետ մեկտեղ շահարկելով ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների արտահանձնման խնդիրը։ Գերության մեջ հայտնված մեր զավակները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում, ոտնահարվում են գերյալներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Անտեսվում են նաև մարդկային կյանքը, արժանապատվությունը և իրավունքները արժևորող երկրների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դիմումներն ու հորդորները։ Մեր կոչն ու ակնկալությունն է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Մեր եռակողմ հանդիպումների ոգուն համաձայն՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անհրաժեշտ նպաստ բերի գերիների ազատության և զոհված ու կորուսյալ զինվորներին առնչված մարդասիրական գործողություններին։

Պատերազմի դադարեցման, խաղաղարար ու մարդասիրական գործունեության մեջ ներդրած անձնական ջանքերի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին։ Շնորհակալ զգացումներով եղբայրական Մեր սերն ենք հղում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին այս դժվարին օրերին մեր ժողովրդին և Եկեղեցուն ցուցաբերած զորակցության համար։ Մեր գնահատանքն ենք ցանկանում արտահայտել նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերին և բոլոր կազմակերպություններին ու անձանց, ովքեր շարունակական միջոցներ են ձեռնարկում իրավիճակի և առկա խնդիրների արդար հանգուցալուծման համար։ Միայն արդարության հիմքի վրա է խաղաղությունը հաստատուն մնում, ինչպես և վկայում է Սուրբ Գիրքը. «Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. ՁԴ 11):

Սիրելի հավատավոր զավակներ, հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհավիրքները հաղթահարելու, դժվարություններին դիմակայելու և հայրենիքի լուսավոր օրը կերտելու համար։ Մեր հորդորն է նաև մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներին նույն տեսլականով և եռանդով շարունակելու հովվական խնամք և կարելի աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին և Աստծո խոսքով, Ավետարանի հույսի ու հավատի պատգամներով մխիթարելու գերության մեջ գտնվողների ու անհայտ կորածների ընտանիքներին։

Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, Երկնավոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունն ու օգնականությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն մեզ և ամենքի հետ։ Հավատավոր Մեր զավակներիդ աղոթակցությամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասեր Փրկիչ Տերը գերյալների, անհայտ կորածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար։

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստվածային Քո գթառատությամբ ողորմիր մեր գերիներին, որպեսզի ապահով և անվտանգ տուն վերադառնան։

Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր՝ զորացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին, և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց սիրելիներին։

Զորացրու, Տեր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անհայտ կորածներին գտնելու և զոհված մեր նահատակների անթաղ մամինները հայտնաբերելու և ընտանիքներին հանձնելու համար։

Արդ, Բարերար և բազումողորմ Աստված, ունկնդիր եղիր Քեզ հուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղոթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապավեն եղիր նրանց և պարգևիր քաջություն ու ոգու արիություն դժվարությունների ու նեղությունների մեջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսավոր օրվա հույսով ու հավատով։

Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, Ամենակալ Տեր Աստված, որ ազատություն պիտի պարգևես մեր գերյալ զավակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպեսզի միասին՝ նրանց հետ գոհությամբ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.