«Առավոտ». Պետք է ինչ-որ լույս տեսնել գո­նե հեռավոր ապագայում

«Իմ գիտակից ողջ տարիքում, վաղ մանկությու­նից սկսած, այս օրերին մի տեսակ ոգևորություն էի զգում' շուտով Նոր տարի է, կլինեն նվերներ, կհանդիպեմ ընկերներիս, բարեկամնե­րիս, դպրոց [բուհ, աշխատանք] չի լինի, հան­գիստ կտրվեմ իմ գրքերին: Այդպես էր ամեն տարի: Այդպես էի դիմավորում նաև 2020 թվականը: Առաջին անգամն է, որ իմ սրտում չկա ոգևորության և ուրախության ոչ մի նշույլ: Կա դառնություն, հիասթափություն և զայրույթ:

Չգիտեմ, կիսո՞ւմ են, արդյոք, իմ սերնդակից­ներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, թե իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել. այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է' Արցախը և հայկական պետությունը ազատ անկման մեջ են, և ես առայժմ շեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել: Հասկանում եմ, որ իմ զգացողությունները շա­տերը չեն կիսում, մանավանդ երիտասարդնե­րը: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը և սին խոստումներն առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռևս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակար­գով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» և ցավ չեն ապրում Արցախի և հայկական պետության կորստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՜նց:

 

Իսկ ես, անկեղծ ասած, չեմ կարողանում իմ մեջ հաղթահարել դառնությունը, չարությունը: Ես դառնացած եմ մեր պետության կրած խայ­տառակ պարտությունից: Բայց ինձ զայրացնում է նաև այն, որ պաշտոնական քարոզչությունը դա պարտություն չի համարում: Զայրացնում է, որ այդ խայտառակության գլխավոր մեղավորը՝ երկրի վարչապետը, ոչ միայն չի հեռացել իր պաշտոնից և քաղաքականությունից, այլև շա­րունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով խրոխտ ճառեր արտասանել, ինչ-որ «կրուտիտներով» մեղքը գցել «նախկինների» վրա և դարձյալ խոստանալ «պայծառ ապագա»:

Ինձ զայրաց­նում և ապշեցնում է, որ կան հազարավոր մար­դիկ, որոնք այդ «ֆռիկներին» հավատում են ու չեն հասկանում այն աղետի մասշտաբները, որ մեզ հետ պատահել է: Ես խորապես վիրա­վորված եմ, որ Հայաստանը շարունակում է ղե­կավարել մի թիմ, որը պետություն ղեկավարե­լու ոչ մի որակ չունի՝ անկախ այն հանգաման­քից, որ Պուտինի և Ալիևի համար Հայաստա­նի ներկայիս վարչապետն առայժմ ձեռնտու է: Բայց չարությունն ու զայրույթը լավ զգաց­մունքներ չեն: Պետք է ինչ-որ լույս տեսնել գո­նե հեռավոր ապագայում՝ այն ապագայում, որն իմ սերունդը դժվար թե տեսնի: Գուցե Ամանորի և Սուրբ ծննդի արձակուրդն օգնի մեզ այդ լույ­սը տեսնելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.