Պատժամիջոցների վտանգ կա. ԵՄ-ն Էրդողանի համար «մարդու իրավունքների պաշտպանության ստուգում» կկազմակերպի. EUobserver

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցումները «ազդեցություն կունենան ԵՄ առաջնորդների ՝ Անկարայի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների վրա»: Այս մասին դեկտեմբերի 3-ին գրել է EUobserver հրատարակությունը:

«Մինչ ԵՄ առաջնորդներն իրենց վերջին քննարկումներում կենտրոնանում էին Միջերկրական ծովի արևելքում իրադրության վրա, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և ընդլայնման այլ հիմնասյուների ոլորտներում բացասական զարգացումները (ԵՄ-Թուրքիա համագործակցության) անշուշտ, ևս կազդեն Անկարայի հետ ապագա հարաբերությունների  վրա»,-տեղեկացրել են EUobserver- ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ Միջերկրական ծովի արևելքում «սադրիչ քայլերի» համար: Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների ներկա փուլը անվանել էր «շրջադարձային պահ»:

Եվրահանձնաժողովը մեկնաբանել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Թուրքիայի դատարանները մեկ օրվա ընթացքում ցմահ բանտարկության են դատապարտել 337 մարդու: Նրանց մեծ մասը Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ 2016-ի ձախողված ռազմական հեղաշրջմանը մասնակցելու համար մեղադրվող երիտասարդ սպաներ են:

Նշվում է, որ մինչև 2020 թվականի հունիսը, ընդհանուր առմամբ, 19 583 զինծառայող ազատվել է ծառայությունից ՝ գյուլենական շարժման հետ իրենց ենթադրյալ կապի պատճառով. նրանցից 3600-ը՝ միայն 2019 թվականին: Հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 6000 նախկին զինծառայող:

Նախորդ շաբաթ Եվրախորհրդարանը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել  Անկարայի նկատմամբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» կատարած այցի և Միջերկրական ծովի արևելքում սադրիչ քայլերի համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.