«Փաշինյանին առաջարկել եմ՝ Կառավարության հետ և իշխանական պատգամավորներով փոխանակվեն ռազմագերիների հետ, և եթե այստեղ չէ, գոնե Բաքվում մասնակցի հաղթական շքերթին». Գագիկ Գինոսյան.168.am

Նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, որի վերաբերյալ, սակայն, որևէ պաշտոնական տեղեկատվություն չէր հրապարակվել։ Բայց հայտնի էր դարձել, որ այն անցել է լարված մթնոլորտում, քանի որ ՀԽ անդամների մեծ մասը պահանջել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի։

 

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, ՀԽ անդամ Գագիկ Գինոսյանը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը ՀԽ-ին և պահանջում, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անհապաղ հրաժարական ներկայացնի։

 

168.am-ի հետ զրույցում Գագիկ Գինոսյանն ասաց, որ դավաճանական Կառավարության հետ չի կարող որևէ կառույցի անդամ լինել։

«Ցավակցում եմ Կառավարության բոլոր անդամներին՝ այսպես եմ ասել նաև վարչապետին, և խղճում բոլոր նրանց, ովքեր նոյեմբերի 10-ից հետո էլ անգամ ընդունում են Կառավարության անդամ լինելու առաջարկները, չհասկանալով, որ իրենց կենսագրության վրա անջնջելի խարան են դնում։ Կարծում եմ՝ այս Կառավարությունը գերազանցեց բոլոր նախորդներին, ինքս երբեք որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, Հանրային խորհրդի անդամ էլ առաջին անգամ եմ դարձել։ Իրականում տեղի է ունեցել հարատև դավաճանություն, որի հիմքը դրվել է 1994 թվականից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը ստորագրել էր Բիշքեկի հրադադարը։ Այն պարտադրվել է, և հաղթող բանակին ստիպել են ստորագրել իր ազատագրած հողերը վերադարձնելու համար, ինչո՞ւ պետք է հաղթող բանակը ստորագրեր նման փաստաթուղթ։ Ասեմ, որ «5+2» բանաձևերը և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք ամրագրվել է, նրանք իրենց վայել շախմատային խաղով և ֆուտբոլային դիվանագիտությամբ այդ ամենը տվեցին այս Կառավարությանը։ Կարծում եմ՝ պիտի ոչ ուշ ապագայում լինի հայկական Նյուրնբերգ, որտեղ չորս ղեկավարներին, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից՝ մինչև Նիկոլ Փաշինյան, կդատեն՝ ազգային դավաճանության համար, բոլորին նույն մեղադրանքով, սակայն տարբեր չափաբաժիններով»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

 

Ըստ նրա, Սյունիքի մարզով ճանապարհ բացելու ծրագիրը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, հայտնի է՝ որպես Փոլ Գոբլի ծրագիր (Փոլ Գոբլ՝ ԽՍՀՄ ազգությունների հարգերով զբաղվող ամերիկացի փորձագետ-վերլուծաբան է),  որն առաջարկում էր Արցախի հակամարտությունը կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումների միջոցով։

Ըստ Գոբլի ծրագրի, մասնավորապես, նախատեսվում էր, որ Լաչինի և Մեղրիի շրջանի փոխանակմամբ՝ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի՝ Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Արցախի հետ։

«Իհարկե, ես փաստեր չունեմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա նաև Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունները հենց դրա հետ են կապված և ոչ թե՝ այլ բաների հետ։ Իհարկե, այս բաները Նիկոլ Փաշինյանի Կառավարության օրոք չի ձևավորվել, բայց նա գուցե այդ ամենը ստորագրելու շահադիտական նպատակներ ունի և դրա դիմաց երևի հատուցում է ստանալու, կամ նույնիսկ կյանքի ապահովություն։ Սա խմոր է, որը դեռ շատ ջուր է վերցնելու՝ խաղը դեռ չի ավարտվել»,- շեշտեց նա։

Գագիկ Գինոսյանը չի կիսում կարծիքները, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, նրա բնորոշմամբ, այս ամենը մեծ թատերական խաղ է, այդ թվում՝ նաև ներկայիս թատերականացված խաղը, որը տեղի ունեցավ պատերազմի օրերին։

«Բազում մտավորականներ դեռևս 2018 թվականից մտահոգ էին, և չգիտեմ, թե քանի մտավորական է եղել, որ այսպես խանդավառված արձագանքել են այդ իշխանափոխությանը։ Իհարկե, ժողովրդի մի մասը խանդավառված էր և ոչ թե՝ Նիկոլին էր բերում իշխանության, այլ փորձում էր նախորդ իշխանություններից՝ Սերժ Սարգսյանից  ձերբազատվել, ինչպես և նույն ձևով փորձում էր Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից ձերբազատվել։ Այս ամենը բեմադրություն էր, և շատ խելացի, ազգային նկարագիր ունեցող մարդիկ  ակնհայտորեն գիտեին, թե ինչ է կատարվում, և, որ սա թատրոն է, որտեղ ժողովրդի մեջ ընդվզումը մեծ էր՝ նախկիններից ձերբազատվելու համար։ Այնպես որ՝ մտածել, թե սա ժողովրդի բերած իշխանություն է, կամ ես էլ մտածեմ, որ նա եկել է ժողովրդին, զինվորին փրկելու, ուրեմն՝ սրանք միամիտ հեքիաթներ են։ Այդ մարդուց ակնկալո՞ւմ եք, որ ինքն այն նկարագիրն ունի, որը պետք է փրկի ժողովրդի՞ն։ Ես Հանրային խորհրդում Փաշինյանին առաջարկել եմ՝ իր Կառավարության հետ և իշխանական պատգամավորներով փոխանակվեն ռազմագերիների հետ, եթե նա այդքան մարդասեր է, թող գնա այդ քայլին, և, եթե հաղթանակի շքերթին այստեղ չի կարողանում մասնակցել, գոնե Բաքվում կմասնակցի, թեկուզ ռազմագերու կարգավիճակով»,- հավելեց նա։

Նրա դիտարկմամբ, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բոլորի առաջին քայլն այն պետք է լինի, որ փորձեն այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ իրեն բացահայտել են, իր գործակալական գործունեությունը՝ նույնպես, և որ, ինքը նախորդների գործակալն է։

«Սրա հեռացումով պետք է բացառվի նախկինների վերադարձը և կամաց-կամաց, ատամները կրճտացնելով, ցավը զսպելով, առավել ևս՝ վիրավորանքը մեղմելով՝ աստիճանաբար ոտքի կանգնենք և գոնե մեկ անգամ ձևավորենք ազգային իշխանություն, որը մի օր հայկական Նյուրնբերգի առջև կկանգնեցնի բոլոր իշխանություններին՝ սկսած նախորդներից, և կստեղծի մի իշխանություն, որը կունենա հայկական նկարագիր, որը կլուծի ազգային ինքնության, անվտանգության, ազգի, պետության բնականոն զարգացման խնդիրը, այլ ոչ թե կլինի ընդամենը մի երկրի կամ մայրաքաղաքի գործակալական ցանցի սպասարկու»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.