ԱՄՆ-ն ռուսական ու չինական կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի հրթիռային ծրագրին աջակցելու համար

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի և Չինաստանի չորս իրավաբանական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում էին Իրանին զարգացնել իր հրթիռային ծրագիրը։

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, Բեյրութի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը։ 

«Մենք այսօր պատժամիջոցներ ենք սահմանելու իրավաբանական չորս անձի դեմ Իրանի հրթիռային ծրագին նպաստող գործունեության համար։ Իրանին հրթիռային ծրագրի զարգացմանն ուղղված տեխնոլոգիաների փոխանցման համար», - հայտարարել է Աբրամսը՝ հավելելով, որ այդ իրավաբանական անձինք Չինաստանից են և Ռուսաստանից։

Ինչպես նշել է Աբրամսը, գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակելու է ճնշում գործադրել Թեհրանի վրա և պատժամիջոցներ սահմանել, քանի դեռ դա հնարավոր է անել։

«Մեր քաղաքականությունը նույնն է մնալու ընդհուպ մինչև հունվարի 20-ը։ Սա առավելագույն ճնշման քաղաքականությունն է», - նշել է նա՝ ընդգծելով, որ պատժամիջոցային քաղաքականությունը շարունակվելու է դեռ ևս երկու ամիս և նոր պատժամիջոցներ են սահմանվելու՝ կապված սպառազինության, զանգվածային ոչնչացման զենքի, մարդու իրավունքների հետ։

ԱՄՆ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմը չի կարողանալու անմիջապես արմատապես փոխել քաղաքականությունն Իրանի նկատմամբ՝ չնայած այն բանին, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր ԱՄՆ-ի՝ միջուկային պայմանագրին վերադառնալու հնարավորության մասին։

«Կա տեսակետ, որ նոր վարչակազմը կարող է գալ ու «սեղմել անջատիչը», կարծես՝ դա լույսի անջատիչ է։ ԳՀՀԾ (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) չի եղել, և այժմ մենք կրկին ներառում ենք այն։ Ասեմ՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ», - ընդգծել է Աբրամսը:

Նրա կարծիքով՝ հնարավոր չի լինի անմիջապես վերադառնալ համաձայնագրին, քանի որ Թրամփի նախագահության տարիներին աշխարհում շատ բան է փոխվել և այժմ տարածաշրջանի շատ երկրներ թերահավատորեն են վերաբերվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ուստի անգամ ԳՀՀԾ-ին վերադառնալու դեպքում միևնույն է համաձայնագրի վերակնքման գործընթացն ամիսներ կտևի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.