«Նրանք կեղծեցին ընտրությունները մեր իսկ աչքի առաջ». Fox News-ի մեկնաբանը մեղադրել է դեմոկրատներին նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար

2020 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններն անարդար են եղել, և ոչ մի ազնիվ մարդ չի ասի, որ դրանք արդար էին։ Շատ մակարդակներում համակարգն ուղղված էր մի թեկնածուի դեմ և նախապատվությունը տալիս էր մյուսին, իսկ կեղծիքներն անգամ չէին էլ թաքցնում։

Այս մասին Fox News հեռուստաալիքի «Tucker Carlson Tonight» հաղորդման եթերում ասել է ամերիկացի քաղաքական մեկնաբան Տակեր Կարլսոնը՝ մեղադրելով դեմոկրատներին նախագահական ընտրությունների արյունքները կեղծելու համար և մանրակրկտորեն վերլուծելով բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ տվեցին «կապույտներին» հաղթել։ Կարլսոնի խոսքով՝ դեմոկրատների գլխավոր գործիքը սոցցանցերն էին, որոնք օգտագործվում էին մարդկանց քվեարկության վրա ազդելու նպատակով։

Ինչպես նշում է Կարլսոնը, քվեարկման էլեկտրոնային սարքերի «հուսալիությունը» լուրջ խնդիր է, և նշանակություն չունի, թե ով է փորձում կոծկել այդ փաստը։ Էլեկտրոնային քվեարկությունն ավելի քիչ հուսալի է, քան ավանդական ձեռքով հաշվարկը, ուստի երբեք չի կարող իր հուսալիությամբ համեմատվել դրա հետ, պնդում է մեկնաբանը՝ հավելելով, որ ընտրողները հասկանում են այդ ամենն ու անհանգստանում։

«Մեր առաջնորդները մեզ բավարար հիմքեր են տվել տեխնոլոգիաներին չվստահելու համար։ Նրանք, ովքեր այժմ հորդորում են մեզ դադարել հարցեր տալ, նախկինում խոստանում էին, որ հեռախոսները չեն գաղտնալսվելու։ Նրանք խաբում են», - նշում է Կարլսոնը։

Նրա խոսքով՝ այլ երկրները ևս հասկանում են սա և չեն կիրառում քվեարկության այս տարբերակը, քանի որ այն կարող է նվազեցնել ժողովրդավարության նկատմամբ վստահության մակարդակը:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել այս ամիս կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, պետք է հասնենք ճշմարտության՝ անկախ նրանից, թե որքան կտևի և որքան կարժենա հետաքննությունը։ Հետաքննության արդյունքները ստանալուց հետո հարկավոր է անհապաղ վերադառնալ քվեարկության ավանդական համակարգին, որը հարյուամյակներ շարունակ ծառայել է ժողովրդավարությանը», - պնդում է Կարլսոնը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Նյու Յորք նահանգում տեղի իշխանական մարմիններից հինգում ընտրության արդյունքները դեռ հաշվարկված չեն փոստով ուղարկված քվեների պատճառով, ինչը պարզապես աղետ է։

Այս ամենի հետ մեկտեղ մեկնաբանը շեշտում է, որ չի կարելի կենտրոնանալ միայն էլեկտրոնային քվեարկության խնդրի վրա՝ անտեսելով տեղի ունեցածի ամբողջական պատկերը, քանի որ 2020 թվականի նախագահական ընտրություններն առհասարակ անարդար էին։ Նրա խոսքով՝ մի շարք մակարդակներում համակարգն ուղղված էր թեկնածուներից մեկի դեմ և միաժամանակ նախապատվությունը տալիս էր մյուսին, իսկ կեղծիքներն անգամ չէին էլ թաքցնում։

«Լրատվամիջոցները բացահայտ գործում էին Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին։ Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը հրաժարվում էին բացատրել, թե ինչ են անելու ընտրվելու դեպքում։ Ամերիկյան պատմության մեջ նախագահական ընտրություններից ոչ մեկի ժամանակ նման բան տեղի չի ունեցել, սակայն լրատվամիջոցները թույլ տվեցին նրանց այդպես վարվել», - ընդգծում է մեկնաբանը՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ դեռ գարնանը դեմոկրատներն արդեն իսկ սկսել էին օգտագործել առողջապահության ոլորտում սահմանված արտակարգ դրությունը քաղաքական նպատակներով՝ դատապարտելով Թրամփի կողմնակիցներին զանգվածային միջոցառումներ անցկացնելու փորձերն ու «միաժամանակ թույլ տալով իրենց իսկ կողմնակիցներին՝ «Black Lives Matter»-ի և «Antifa»-ի խռովարարներին ու վանդալներին ամբողջությամբ անտեսել կորոնավիրուսային սահմանափակումները»։

«Նրանք բացահայտ հայտարարում էին այդ մասին։ Իրենց սահմանած սահմանափակումները կործանեցին փոքր ձեռնարկատիրությունները՝ Հանրապետական կուսակցության հիմքը, սակայն միևնույն ժամանակ նրան թույլ տվեցին սեփական հովանավորներին ֆանտաստիկ հարստություն դիզել։ Միայն Ջեֆ Բեզոսի մաքուր կարողությունը համավարակի ընթացքում ավելացավ ավելի քան 70 միլիարդով», - նշում է Կարլսոնը։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո համապարակի պատրվակով դեմոկրատները փոխեցին ԱՄՆ-ում քվեարկության համակարգը և զգալիորեն ավելացրին փոստով ստացվող քվեաթերթիկների քանակությունը, քանի որ գիտեին՝ պակաս հուսալի քվեարկությունը կլինի հօգուտ իրենց թեկնածուի։
Ինչպես նշում է մեկնաբանը, դեմոկրատներն օգտագործում էին դատարանները, որպեսզի չեզոքացնեին Հանրապետական կուսակցության միակ առավել արդյունավետ գործիքը, որով նրանք հորդորում էին քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը։ Խոսքն ընտրություններում Ազգային հրաձգային ասոցիացիայի մասնակցության մասին է, որի դերն այս ընտրություններում զգալիորեն թուլացվել էր, ինչն էլ լուրջ ազդեցություն է ունեցել Փենսիլվանիայում և նմանատիպ «տատանվող» այլ նահանգներում ընտրության արդյունքների վրա։

«Սակայն առավել կարևոր է այն, որ այս ընտրություններում հաղթելու համար դեմոկրատները գործարկել են Big Tech-ի ուժերը։ Անգլախոս աշխարհում գրեթե բոլոր նորություններն ու ամբողջ տեղեկատվությունն անցնում է միայն մի ընկերության ձեռքով՝ Google-ի։ Մեր քաղաքական բանավեճերի մեծ մասն անցնում է ֆեյսբուքյան ու թվիթերյան տիրույթում։ Եթե դուք կիրառում եք տեխնոլոգիաները, որպեսզի գրաքննության ենթարկեք այն գաղափարները, որոնք մարդկանց թույլ է տրվում արտահայտել համացանցում, ապա ի վերջո ազդում եք մարդկանց քվեարկության վրա։ Հենց սա էլ նրանք արեցին։ Նրանք կեղծեցին ընտրությունները մեր իսկ աչքի առաջ, և ոչ մեկը ոչինչ չարեց», - եզրափակել է մեկնաբանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.