«Երրորդ համաշխարհայինի շեմին». բրիտանական Daily Express-ի անդրադարձը Պետրոս Մեծի ծոցում ռուս-ամերիկյան «բախմանը»

Ռուսական ափերի մոտ ամերիկյան ռազմական նավերի գործողությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և անգամ համաշխարհային պատերազմի սանձազերման պատճառ դառնալ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express պարբերականի լրագրող Փոլ Ուիթերսը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, վերջին օրերի ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերի մասնակցությամբ երկու ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Այսպես՝ նոյեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» օպերացիայի շրջանակներում ամերիկյան «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը մուտք է գործել Սև ծով «ծովում անվտանգության ապահովման նպատակով», մինչդեռ ՌԴ արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Սև ծովում այլ տարածաշրջանի նավերի ներկայությունը չի նպաստում կայունությանը։

Մյուս ուշագրավ միջադեպը, որին անդրադարձել է Ուիթերսը, ամերիկյան «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակրի մուտքն էր Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոց։

«Երրորդ համաշխարհայինի վտանգը կրկին սրվեց այն բանից հետո, ինչ ռուսական ռազմանավերը դուրս քշեցին ամերիկյան էսկադրային ականակիրը, որը, ինչպես պնդում է Մոսկվան, խախտել է ռուսական սահմանը Պետրոս Մեծի ծոցում», - ասված է հոդվածում։
Նախօրեին վաղ առավոտյան ամերիկյան էսկադրային ականակիրը երկու կիլոմետր ընկղմվել է ռուսական տարածքային ջրեր և ստիպված է եղել լքել դրանք միայն այն բանից հետո, երբ հնարավոր գրոհի նախազգուշացում է ստացել։

Այս առնչությամբ ամերիկյան 7-րդ նավատորմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Ռուսաստանի ծովային սահմանները Վլադիվոստոկ քաղաքի մերձակայքում գտնվող Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում, այն բանից հետո, երբ երեկ` նոյեմբերի 24-ին, ամերիկյան ականակիրը խախտել էր այդ սահմանները: Այս մասին գրում է almasdarnews.com կայքը:

Սա եղել է ամերիկյան կողմի պատասխանը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանն առ այն, որ «Ծովակալ Վինոգրադով» նավը թույլ չի տվել ամերիկյան «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակրին խախտել Ռուսաստանի ծովային սահմանները:

Ամերիկյան 7-րդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ասված է, որ «Ջոն Մաքքեյն» ականակիրը գործողություն էր իրականացնում՝ ապահովելու նավարկության ազատությունը Պետրոս Մեծ ծովածոցում:

«Նավարկության ազատությունն ապահովելու համար այս գործընթացն իրականացնելով ՝ Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ դրանք Ռուսաստանի տարածքային ջրերը չեն, և որ ԱՄՆ-ն համաձայն չէ Ռուսաստանի այն հայտարարության հետ, որ Պետրոս Մեծ ծոցը պատմական ծոց է հանդիսանում»,-ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ փաստաթուղթը, որի համաձայն ծոցը համարվում է Ռուսաստանի տարածքային ջրերի մի մասը, ստեղծվել է 1984 թվականին` խորհրդային իշխանությունների կողմից:

Հաղորդվում է, որ ԱՄՆ յոթերորդ նավատորմի պատասխանատվության գոտին ներառում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսի արևելքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.