Էրդողանը պատրաստվում է Բայդենի նախագահության` իր համար բարդ 4 տարիներին. Bloomberg

Ներկայում, երբ աշխարհը սկսում է պատրաստվել Ջո Բայդենի` Սպիտակ տուն գալուն, շատ քիչ առաջնորդներ են այնքան արագ շարժվում, որքան Ռեջեփ Թայիփ Էրդողանը. ամենայն հավանականությամբ, հաջորդ 4 տարիներին նրա համար ավելի դժվար կլինի կողմնորոշվել, քան նախորդ քառամյակում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Թուրքիայի նախագահն ու խորհրդականները լավ են ճանաչում ԱՄՆ նախկին փոխնախագահին, բայց դա պարտադիր դրանական հանգամանք չէ Թուրքիայի համար՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները պատրաստ են գործի դրման և դրանց պահող միակ գործոնը Դոնալդ Թրամփն է:

 

Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում Էրդողանին անվանում էր «ավտոկրատ» և ասում, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի նրա հակառակորդներին, «նա պետք է գին վճարի»:

Այդ գինը կարող է նշանակալի լինել: Պատժամիջոցների սպառնալիքի հետ մեկտեղ, հնարավոր մեծ տույժեր են կախված են Թուրքիայի պետական բանկի «գլխին»: Կան նաև չլուծված տարաձայնություններ Սիրիայում քուրդ զինյալների կարգավիճակի, ինչպես նաև Թուրքիայի պահանջների մասին Միջերկրական ծովում և այլ տարածքներում:

Հենց հետագայի հետ կապված անհանգստությամբ էլ կարելի է բացատրել այն, որ Էրդողանը, ի տարբերություն այլ խոշոր պետությունների ղեկավարների, որոնք օգուտ են քաղել Թրամփի իշխանությունից, արդեն շնորհավորել է Ջո Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ` ճանաչելով նրա հաղթանակը ընտրություններում: Նման քայլի դեռևս չեն գնացել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախորդ հանգստյան օրերին` Մեծ 20-յակի խմբի վիրտուալ գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ: Այս երկու երկրներն էլ բարկացրել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կառույցին, բայց վայելել են Թրամփի պաշտպանությունը:

Շաբաթ օրը իր ելույթի ժամանակ Էրդողանը հերքել է այն միտքը, որ Թուրքիայի վերջին շրջանի բարեկամությունը Ռուսաստանի հետ «Ամերիկայի հետ վաղեմի կապերի այլընտրանքն է»:  Կիրակի օրը նա կոչ է արել սերտ համագործակցել Եվրոպայի հետ, որի դեմ ամիսներ շարունակ պայքարում էր:

ԱՄՆ դեմոկրատ սենատորներից մեկը կարծիք է հայտնել, որ Էրդողանը անցյալ 4 տարիների ընթացքում անում էր այն, ինչ ուզում էր, որովհետև Սպիտակ տանն ընկեր ուներ, սակայն այդ ամենը կփոխվի կապված այն վարչակազմի հետ, որն ավելի «պատասխանատու» մոտեցում կստանձնի Թուրքիայի նախագահի նկատմամբ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Էրդողանը որդեգրել է շատ ավելի ամուր արտաքին քաղաքականություն, ինչը հանգեցնում է հաջողությունների Սիրիայում, Լիբիայում և վերջերս Լեռնային Ղարաբաղում ՝ հաճախ ավելի ուժեղ տերությունների հաշվին: Նա նույնիսկ փորձել է ֆինանսական շուկաներ գրավել՝ ճնշում գործադրելով Թուրքիայի կենտրոնական բանկի վրա ՝ տոկոսադրույքները ցածր պահելու համար:

Ձևավորվում է ամերիկյան հաջորդ ղեկավարությունը: Բայդենը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել իր փոխնախագահ եղած ժամանակ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Էնթոնի Բլինկենին: Թե որքանով տարբեր է Բայդենի վարչակազմը վերաբերվում Թուրքիային, անհայտ է: Դա հրաժարվել է մեկնաբանել նաև անցումային թիմի ներկայացուցիչը` նշելով, որ Բայդենը հավատում է այն սկբունքին, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է վարի նախագահը:

Էրդողանը, կարծես, պատրաստվում է վատթարագույնին: Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը հավանություն է տվել արտասահմանում հիմնադրված թուրքական էներգետիկ և լեռնահանքային ընկերությունները հայրենիք վերադարձնելու մասին օրենքի նախագծին: Թուրքիայի էներգետիկայի նախարարության պաշտոնյան նշել է, որ այդ քայլը նպատակ ունի պաշտպանել ընկերությունները  հնարավոր պատժամիջոցներից:

Թուրք-ամերիկյան որոշ վեճերին ակնհայտ լուծում չկա, և կարող են սահմանափակումներ առաջանալ Էրդողանի համար այն հարցում, թե նա որքան հեռու կարող է գնալ փոխզիջումների ոլորտում: Թուրքիայի իշխանությունը հիմնված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կոալիցիայի վրա, վերջինս հնարավոր է դեմ լինի ԱՄՆ-ին կատարվելիք ցանկացած զիջման:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.