Ֆրանսիայի հայերը նույնպես գտնվում են թուրքական վտանգի տակ. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայում ապրող հայերին և թուրքերի կողմից նրանց սպառնացող վտանգին:

Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայում ապրող 600 000 հայերը, որոնցից 400 000-ը ծնվել են Ֆրանսիայում, այժմ դառը փորձ են ապրում:

Այո, նրանց նախնիները այստեղ են եկել հարյուր տարի առաջ ՝ 1915-ի Ցեղասպանությունից խուսափելու համար, և նրանք ինտեգրման և ձուլման օրինակ են: Սա, սակայն, չի վերաբերում բոլոր ներգաղթյալներին: Ֆրանսիայում ապրում Է նաև 600 000 - 800 000 թուրք (նրանց կեսն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն), նրանց ճնշող մեծամասնությունը աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2018-ի նախագահական ընտրություններում, նրանք գրեթե բոլորը մահմեդականներ են: Ըստ Ռուան-Նորմանդիայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ-Ալի Աքընջըի հոդվածի՝ այս համայնքի ինքնությունը (Գերմանիայից հետո Եվրոպայում երկրորդը մեծությամբ) կառուցվում է այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են կրոնը, ազգայնականությունը և հայրենիքի հանդեպ կարոտախտը:

Լիոնի արվարձանում տեղի ունեցած բռնությունների դեպքերը

Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմը, որն Ադրբեջանը սկսել էր սեպտեմբերի 27-ին և այդ հարցում վայելում էր Անկարայի աջակցությունը, առիթ է հանդիսացել առավել ֆանատիկ թուրքերի համար հակամարտությունը Ֆրանսիա տեղափոխելու համար: Նրանց դեմ քիչ արգելքներ կան, քանի որ նրանց առաջնորդը պարբերաբար վիրավորում է Էմանուել Մակրոնին և կարգադրում բոյկոտել Ֆրանսիայում արտադրվող ապրանքները:

Բռնության ամենադաժան դեպքերը տեղի են ունեցել հոկտեմբերի վերջին Լիոնի արվարձաններում, որտեղ երկու համայնքները (յուրաքանչյուրը 150 000 մարդ) մեծ ներկայացվածություն ունեն: Հոկտեմբերի 28-ի առավոտյան մոտ 100 հայամետ ցուցարարներ փակել էին  Վիենի մոտակայքում գտնվող A7 մայրուղին: Ծեծկռտուք էր սկսվել թուրքական ծագմամբ վարորդների հետ: Օգտագործվել են մուրճեր և այլ բութ առարկաներ: Արդյունքում չորս մարդ վիրավորվել է (ներառյալ գանգի կոտրվածք երիտասարդ հայի մոտ):

Նույն օրը երեկոյան Վիենի, ապա Դեսին-Շարպյեի փողոցներում կազմակերպվել էր երկու  արշավ, որոնց մասնակիցները բացականչում էին «Ալլահ Աքբար» և «ո՞ւր են հայերը»:

«Այս տարածքը պատահական չէ ընտրված: Այն անվանում են «փոքրիկ Հայաստան», - բացատրում է տեղի հայ մշակույթի տան նախագահ Սառա Թանզիլլին:- Այնպես որ դա խորհրդանշական էր: Փաստացիորեն, մենք արդեն հարձակման  էինք ենթարկվել հուլիսի 24-ին ՝ ի պաշտպանություն Հայաստանին խաղաղ հանրահավաքի ժամանակ: Եկան շուրջ 100 ակտիվիստներ, որոնք իրենց «գորշ գայլեր» են անվանում: Նրանք զինված էին երկաթյա ձողերով և սառը զենքերով: Նրանք թալանում էին խանութները, հետո էլ մարդկանց որս էին սկսում: Այս գործողությունը ինքնաբուխ չէր. այն սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել էր դատական համակարգին հայտնի թուրք ծայրահեղական Ահմեթ Չեթինը»:

Սակայն այսքանով նմանատիպ գործողությունները չէին ավարտվել: Լույս նոյեմբերի մեկը նույն Դեսին-Շարպյեում հայկական հուշարձանների վրա հայտվել էին «գորշ գայլ» և RTP (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան սկզբնատառերը) գրառումները:  Նոյեմբերի 4-ին, տեսնելով, թե որքան վտանգավոր են նրանց գործողությունները, կառավարությունը լուծարել  է «Գորշ գայլեր» շարժումը ՝ որպես «դե ֆակտո խմբավորում» և «ռազմականացված շարժում»:

Ինչ վերաբերում է 23-ամյա Ահմեթ Չեթինին, նա վերջերս դատապարտվել է 4 ամսվա պայմանական ազատազրկման «բռնություն հրահրելու կամ ռասայական ատելություն սերմանելու համար»: Բայց նույն Չեթինը տեսանյութ էր հրապարակել ինստագրամում, հայտարարելով, որ եթե «Թուրքիայի կառավարությունը ինձ 2000 եվրո և զենք տա, ես Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ պետք է»:

Անկարան վերահսկում է 2600 մզկիթներից  320-ը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Հայաստանի լուրեր» պարբերականի  տնօրեն Արա Թորանյանը կրկին մղձավանջ է ապրում. «Մենք մի քանի սերունդ ապրում ենք այս երկրում: Մեր պատկանելությունն ու հավատարմությունը Ֆրանսիայի Հանրապետությանն այլևս կասկածի տակ չի դրվում: Եվ հանկարծ, մեզ հետ են շպրտում հարյուր տարի առաջ ՝ օսմանյան և քեմալական հետապնդումների ժամանակաշրջան: Մեր ֆրանսիացի հայրենակիցները չպետք է հավատան, որ  խոսքը հասարակ միջհամայնքային բախումների մասին է. այս բոլոր իրադարձություններում միշտ կան նույն ագրեսորներն ու նույն զոհերը: Կարևոր է իմանալ, որ հակահայկական ռասիզմը և Ցեղասպանության ժխտումը թուրքերին սերմանվում են վաղ մանկությունից: Եվ իհարկե, երբ նրանք արտագաղթում են, իրենց հետ բերում են այս գաղափարախոսությունը: Բարեբախտաբար, ոչ բոլորը. Ես նկատի ունեմ ալևիներին (նրանք իսլամում  փոքրամասնություն են), Էրդողանի հակառակորդներն են, բայց նրանք բացառություն են»,-ասել է Թորանյանը:

Սխալ կլինի մտածել, որ «Գորշ գայլերի» կամ այլ ծայրահեղական խմբավորման լուծարումը կլուծի իրավիճակը, քանի որ Թուրքիային հրոսակներ պետք չեն, որպեսզի իրենց սփյուռքին իսլամական հայրենասիրությամբ դաստիարակեն: Թուրքիան ունի ասոցիատիվ, կրթական և հումանիտար կառույցների մի ամբողջ գալակտիկա, որոնց մեծ մասը վերահսկվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, և որոնք օրինականորեն ներառված են ցանկացած կառույցում: Սա հատկապես տեսանելի է կրոնական ոլորտում:

Ֆրանսիա ուղարկված 300 իմամներից 151-ը թուրք են (մնացածը եկել են Մարոկկոյից և Ալժիրից ՝ միջպետական պայմանագրերի շրջանակներում): Նրանք քաղաքացիական ծառայողներ են, որոնք վերապատրաստվել են և վարձատրվում են (ինչպես նաև նրանց 56 ժամանակավոր օգնականները) Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի (Ditib) արտաքին գործակալության կողմից, որը վերահսկում է 250 մզկիթ Ֆրանսիայի տարածքում: Սրան պետք է ավելացնել 70 մզկիթ, որը ղեկավարվում է «Իսլամական եղբայրներին» մոտ կանգնած «Միլլի Գերյուշ» թուրք-իսլամական միության կողմից` Դիթիբի հետ ձեռք ձեռքի տված: Ընդհանուր առմամբ, այս արդյունավետ և փոխլրացնող ցանցի շնորհիվ, Անկարան ի վիճակի է վերահսկել 2600-մզկիթներից 320-ը, այսինքն ՝ Ֆրանսիայի բոլոր աղոթատեղիների մեկ վեցերորդը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.