Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ նախնական տվյալներով՝ կա 14 զոհ, ավելի քան 45 վիրավոր
Աֆղանստանի Բամյան քաղաքում գտնվող շուկայի տարածքում երկու առանձին պայթյունների հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել, 45-ից ավելի վիրավորներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IHA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցները։
Նահանգապետ Լատիֆ Ազիմին իր հայտարարության մեջ նշել է. «Պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ վայրում՝ քաղաքի շուկայում, շատ կարճ ինտերվալներով, տեղական ժամանակով ժամը 16։30-ին։ Վիրավորներին տեղափոխել են մարզային հիվանդանոց»:
Բամյանը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից մոտ 200 կմ դեպի արեւմուտք, հայտնի է որպես համեմատաբար խաղաղ բնակավայր: Քանի որ պայթյունը մեծ խուճապ է առաջացրել Բամյանում և հարակից բնակավայրերում, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը ՝ նախազգուշական միջոցառումների համար: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: