Ինչու Բելառուսում ձախողվեց «գունավոր հեղափոխությունը»․ The National Interest

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի ակցիաները չկարողացան տապալել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը։ Չօգնեց նաև  ընդդիմադիրներին արևմտյան երկրների աջակցությունը, որոնք հայտարարեցին Բելառուսի իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների մասին։ Արդյունքում Բելառուսը մեկուսացել է եվրոպական ինստիտուտներից և հայտնվել Կրեմլի ազդեցության տակ, գրում է The National Interest-ը։

Ինչպես նշում է Մարկ Էպիսկոպոսը, դեռևս անցյալ տարվա ամռանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել էր, որ Մինսկի նկատմամբ առճակատման քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի հանգեցրել:

Այդ ժամանակ Սպիտակ տունը փոխեց մարտավարությունը՝ Բելառուսին ներգրավելով «Եվրասիական լայն գործընկերության» մեջ։ Դա ամերիկացիներին հնարավորություն էր տալիս ճնշման լծակներ ստանալ ՌԴ-ի հետ բանակցություններում։ Հենց այդ պատճառով անցյալ ամռանը Լուկաշենկոյի հետ հանդիպել էին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա օգնական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Ամերիկաբելառուսական հարաբերություններում նոր փուլ էր սկսվել, սակայն 2020 թվականին նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք վերածվեցին «գունավոր հեղափոխության» փորձի: Արդյունքում Միացյալ Նահանգները հրաժարվեց Բելառուսի հետ հարաբերությունների կարգավորումից և Լուկաշենկոյին չճանաչեց պետության լեգիտիմ ղեկավար: Սակայն «գունավոր հեղափոխությունը» ձախողվեց, քանի որ Բելառուսի նախագահը ժամանակին մոբիլիզացրեց սեփական «աջակցության բազան», նշում է հոդվածագիրը։

Փորձագետը հանգում է այն եզրակացության, որ Լուկաշենկոն չի թողնի իշխանությունը և չի մոռանա այն դերը, որը ԵՄ-ն և ԱՄՆ-ն խաղացել են ընդդիմադիր բողոքի ակցիաներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.