Արաբական 6 երկիր համատեղ զորավարժություններ է անցկացնում

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը նոյեմբերի 22-ին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում սկսել են «Արաբական թուր» զորավարժությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Gazeteduvar լրատվական կայքը, համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մուհամմեդ Նեջիբ ռազմաբազայում։

Եգիպտոսի բանակի պաշտոնական խոսնակ գնդապետ Թամիր էր-Ռիֆայի պաշտոնական ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը մասնակցում են «Արաբական թուր» զորավարժություններին:

Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը։

«Մեկ նպատակ Ումմայի համար» կարգախոսը կրող զորավարժություններին մասնակցելու համար մասնակից երկրների զինվորներն ու ռազմական տեխնիկան օդային և ծովային ճանապարհով տեղափոխվել են Եգիպտոս։

Զորավարժություններին ամբողջությամբ իրենց մասնակցությունը կունենան 6 երկրների օդային, ցամաքային և ռազմածովային ուժերը։

Տարածված հայտարարության մեջ նշվում  է․ «Զորավարժությունների շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել ռազմական համագործակցությունը արաբական երկրների միջև, կիրառվել են ինդոկտրինացիայի հասկացությունները հստակեցնելու, առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, ինչպես նաև ընդհանուր համագործակցության կազմակերպման մեթոդներ, տեխնիկա և հմտություններ»։

Արաբական 6 երկրների մասնակցությամբ զորավարժություններ անցկացվել են նաև 2018 թվականի նոյեմբերին՝ Եգիպտոսում։ Այս  զորավարժություններին չի մասնակցել Սուդանը, սակայն մասնակցել է Քուվեյթը: Հատկանշական է, որ Քուվեյթը չի մասնակցել այս տարվա զորավարժություններին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.