Փողոց դուրս եկած մարդկանց թվով չենք կարող չափել ճգնաժամ ունե՞նք, թե ոչ. մենք Ղարաբաղը համարյա կորցրել ենք, կա տնտեսական և հումանիտար ճգնաժամ` կատաստրոֆա. Արմեն Սարգսյան

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու երկրում տարբեր համակարգերի բացակայությանը։

 

Նախագահը նշել է,որ Հայաստանը նաև պետություն է, որ անձնավորում է ամեն ինչ․ «Նախարարությունը` նախարարի հետ, ոլորտը մարդու հետ, նույնիսկ այսօր, խնդիրների լուծման համար խոսում ենք ոչ թե դրանց լուծման մասին, այլ անհատների մասին, անկախ նրանից, թե ովքեր են անհատները։ Փրկությունը փնտրել անձերի մեջ, դա ցավալի է։ Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի մարդկանց պետական մտածողություն ներարկելը»։

Նախագահի խոսքով` պետության բոլոր ոլորտներում համակարգային լուծումներ են պետք, սկսած բանակից։

Հարցին, թե հիմա կարծեք թե ճգնաժամ է և դրա համար ինչ լուծումներ է առաջարկում նախագահը, Արմեն Սարգսյանն ասել է, որ նախ այսօրվա ամենակարևոր ուղերձը նույնն է. հանրային կարգուկանոնը, իրավիճակը, որում ապրում ենք, չի կարելի թույլ տալ, որ դուրս գա սահմաններից։

«Ոչ միայն անհանդուրժողականություն, կոչեր` վրիժառության, այլ նաև գործողություններ։ Դա կարող է բերել անհավասարակշռության, այնպիսի իրավիճակի, որը կարող է բերել այսօրվա զինադադարի խախտմանը, որն անթույլատրելի է։ Ինձ համար բացարձակ անընդունելի է, որ մեր երկրի քաղաքացիները անեն այն, ինչ արեցին Ազգային ժողովում, ԱԺ֊ի նախագահի նկատմամբ հարձակումը, կարող է ծրագրված է կամ ծրագրված չէ, թողնում ենք իրավապահներին։ Միթե՞ դա է ճանապարհը մեր հարցերը լուծելու։ Կամ այլ դեպք`«Ադեկվադ» միաբանության անդամներից մեկի նկատմամբ դանակահարությունը, չի կարելի այդ ճանապարհով գնալ։ Կարգուկանոնը պետք է իր տեղում լինի, և իրավապահներն այդտեղ անելիք ունենա»,– ասել է նա։

 

Ինչ վերաբերում է ճգնաժամին, ՀՀ նախագահն ասել է, որ ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է նախ ընդունել, որ կա ճգնաժամ, դա առաջին քայլն է, իսկ ճգնաժամի առկայությունն ընդունելը պայմանավորված չէ մեկ կամ երկու երևույթով։

«2018֊ին իրականում թվում էր, թե տնտեսական, մեծ սոցիալական ճգնաժամ չկա, ղարաբաղյան մեծ ճգնաժամ չկա, բայց կար ճգնաժամ, որովհետև ժողովուրդը փողոցում էր։ Ճգնաժամը ձևակերպել ընդհուպ մինչև 100֊200,000 մարդ փողոցում, դա ճգնաժամի երևույթներից մեկն է, բայց ոչ միակը։ Կարող է դու այսօր փողոցում չունես հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որովհետև մեր հասարակությունը բավականին բևեռացված է, և գուցե մի հսկա զանգված, որ նախկինում պաշտպանում էր որևէ կուսակցության կամ գաղափարի, բայց այսօր հիասթափություն ունի կամ գուցե այնքան հոգեբանական ծանր վիճակում են, որ ցանկություն չունեն դուրս գալու և այլն, պատճառները շատ են, և չենք կարող չափել ճգնաժամ ունենք, թե ոչ փողոց դուրս եկած մարդկանց թվով։ Մենք այսօր համարյա Ղարաբաղը կորցրել ենք, մենք այսօր հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, մի քանի անգամ ավելի հազարավոր վիրավորներ ունենք, ունենք տասնյակ-հազարավոր փախստականներ, և հայտնի չէ, թե հետ են գնալու, թե ոչ։ Հետևաբար` ունենք հումանիտար ճգնաժամ` կատաստրոֆա»,֊ ասաց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով այդ մարդկանց պետք է տեղավորել, որովհետև ամեն ինչ են կորցրել, տունը վառել ու եկել են Հայաստան։ «Ունենք տնտեսական խորը ճգնաժամ, որն ավելի է խորացել Քովիդի պատճառով և չնկատել, որ սա ճգնաժամ է, ես կարծում եմ` ընդունելի չէ։ Ես տեսնում եմ լուծումը, որպեսզի մեր երկիրը, ժողովուրդը գտնի համաժողովրդական ձևով»,– ասել է Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահ Սարգսյանն ասաց, որ միասին պետք է դուրս գալ այս ճգնաժամից, եթե կայունությունը խաթարվի ՀՀ-ն կընկնի նոր ճգնաժամի մեջ, որին պատրաստ չենք, իսկ հակառակորդը պատրաստ է. «Մի՛ մոռացեք, որ այդ հրադադարը ընդամենը հինգ տարվա է, հինգ տարվա ընթացքում մենք պետք է ոտքի կանգնենք, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու ․․․ Չկա մեկ ուժ, որ գա ու կարողանա միանձնյա այս ճգնաժամից հանել: Մեզ համար շատ էական է, որ այն կառավարությունը, որն աշխատում է, ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, ցույցերին հակացույց կազմակերպելով, ֆեյք լուրերի կամ ֆեյքերի պատասխանելով, այլ՝ զբաղված լինի առավոտից երեկո երկիրը վերականգնելով, ճգնաժամը հաղթահարելով: Այդ պատճառով, ինչպես ասացի, միակ լուծումն այն է, որ պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.