Ռազմական դրությունն ազատ հավաքներին խոչընդոտելուց և մասնակիցներին ապօրինի ձերբակալություններով դրանցից զերծ պահելուց բացի այլ նպատակ չի հետապնդում. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Այսօր գործ ունենք ազգային լինելության հետ առնչվող խնդրի, և բնական է, որ մարդիկ բողոքի ակցիաներ են անում, նաև` փողոցներ փակելու միջոցով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 

«Որոշակի ժամանակով փողոց փակելը որևէ կերպ ոչ իրավաչափ համարվել չի կարող, սա եվրոպական ստանդարտ է: Հայաստանում այս մասով չափանիշն ավելի բարձր է` երբ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքող անձինք փողոցներ էին փակել, ապա եկել էին գլխավոր դատախազության առջև, իսկ Գլխավոր դատախազը իջել և հանդիպել էր նրանց հետ` այդպիսով լեգիտիմացնելով այդ արարքը: Հիշենք, որ այս միջոցը կիրառող բազմաթիվ անձինք կան ներկայիս իշխանության մեջ և դրա միջոցով են նաև եկել իշխանության»,- նշել է Մելիքյանը:

Նրա խոսքով` ռեպրեսիվ իրավապահ համակարգը խոչընդոտում է ազատ խոսքի իրավունքի արտահայտմանը: 

«Հիշում ենք` ռազմական դրություն հաստատելու հիմնականը նպատակը զորահավաք իրականացնելն էր, հետո նոր` ազատ խոսքի որոշակի հսկողություն, և այլն, եթե, ինչպես գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է ասում, պատերազմի երրորդ օրվանից համալրում չի կատարվել, ինչու էր մտցվել ռազմական դրություն: Ինչի՞ համար է ռազմական դրությունը` բացի հավաքների իրականացման կանոնները ռազմական դրության պայմաններում խախտելու հոդվածը քաղաքացիների վրա դնելուց:

Հավաքներ կազմակերպելը խաթարված ազգային արժանապատվությունը վերականգնելու նպատակով աթոռից կառչած այս իշխանության դեմ ոչ միայն հանցանք չէ, այլ նաև շատ օգտակար գործողություն է: Այն մարդիկ, որոնք ստորագրում են այս անձանց ձերբակալման որոշման տակ, խորհուրդ եմ տալիս մտածել ապօրինի ձերբակալման հոդվածի մասին: Այս ձերբակալություններն ուղղակիորեն նպատակ ունեն զրկել ազատությունից, թույլ չտալ մասնակցել հավաքներին ու զերծ պահել այլ անձանց դրանց մասնակցելուց»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.