Պեկինը Հիմալայներում գաղտնի զինատեսակ է կիրառել ընդդեմ Դելիի՝ առանց գեթ մեկ կրակոցի հնդիկ զինվորներին ստիպելով նահանջել. Независимая Газета

Չինական ստորաբաժանումները Հիմալայների վիճելի սահմանին մոտ գտնվող շրջանը «մաքրել են» հակառակորդից՝ չխախտելով կրակի կիրառման արգելքի շուրջ Պեկինի ու Դելիի պայմանավորվածությունները:

Ինչպես գրում է Независимая Газета-ն՝ հղում անելով անգլիական լրատվամիջոցներին, Չինաստանը կիրառել է էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնք չեն համարվում մահացու:

Նոր զինատեսակի կիրառումը հնդիկ զինվորականների մոտ առաջացրել է այրոցի զգացում ու սրտխառնոց՝ ստիպելով նահանջել: Ինչպես իր դասախոսության ժամանակ նշել է պրոֆեսոր Ցզին Ցանժունը, հնդիկներն ավելի լավ են պատրաստված բարձրադիր լեռներում կռվելուն, քան չինացիները, ուստի՝ վերջիններիս հրամանատարը հրահանգը կատարելու համար ստիպված է եղել աշխարհում առաջին անգամ կիրառել նոր զենքը:

Լոնդոնյան Times պարբերականի փոխանցմամբ՝ չինացիները միկրոալիքային մարտական սարքավորումները տեղակայել են փաստացի վերահսկողության գծի մոտ դեռ օգոստոսին: Այսինքն՝ Լադակխի շրջանում հնդիկների հետ տեղի ունեցած բախումներից ընդամենը մի քանի շաբաթ անց: Այն ժամանակ բախումների հետևանքով զոհվել է 20 հնդիկ, մինչդեռ չինացիներն իրենց կորուստների մասին տեղեկություններ չեն հրապարակել:

Չինական հրամանատարությանը, այնուամենայնիվ, հայտնի է եղել, որ հակառակորդի կողմից տիբեթցիներ են կռվում, իսկ նրանք հիանալի լեռնագնացներ են ու գիտեն ինչպես կռվել նման տեղանքում: Այս մարտավարության շնորհիվ հնդկական կողմին օգոստոսի 29-ին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել երկու լեռնագագաթ, ինչից հետո չինական ղեկավարությունը հրամայել է հետ գրավել դրանք, սակայն առանց որևէ կրակոցի: Սա է պատճառը, որ չինական հրամանատարությունն ստիպված է եղել «միկրոալիքային վառարաններ» կիրառել դիրքերը հետ վերցնելու համար:

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, միկրոալիքային զենքն ազդում է ինչպես միկրոալիքային վառարանը՝ բարձրացնելով օրգանիզմում ջրի մոլեկուլների ջերմաստիճանը: Նոր զինատեսակի հեռահարությունը 1 կմ է, իսկ ճառագայթի արագությունը հավասար է լույսի արագությանը: Այն նախատեսված չէ առողջությանն անդառնալի վնաս հասցնելու համար, սակայն չի բացառվում տեսողության վատթարացումը: Առաջին անգամ Չինաստանն այն ցուցադրել է 2014 թվականին կայացած ավիացիոն ցուցադրության ժամանակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.