«Հունաստանը Թուրքիայի հետ համաձայնության չգալու դեպքում կդիմի Հաագայի միջազգային դատարան»․ Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 66-րդ տարեկան նստաշրջանի ընթացքում հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ անկեղծ և բարեխիղճ երկխոսություն վարել՝ ընդգծելով, որ երկխոսությունների ձախողման դեպքում Հունաստանը ստիպված կլինի դիմել Հաագայի միջազգային դատարան, գրում է Greek City Times-ը։

Միցոտակիսի խոսքով՝ «Հունաստանը 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է և այժմ Թուրքիայի միակողմանի գործողությունների պատճառով բախվում է մարտահրավերների, որոնք խաթարում են ՆԱՏՕ-ի միասնությունը»։

«Ինչպես այս տարի բազմիցս ասել եմ, Հունաստանն ու Թուրքիան պետք է երկխոսեն, սակայն եթե համաձայնության չգանք, ապա մենք մեր վերճերը կհարթենք Հաագայի միջազգային դատարանի միջոցով, որի շնորհիվ հաղթանակ կտանի իրավունքի գերակայությունը»,- նշել է նա։

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.