Արդյո՞ք Թրամփին կհաջողվի «վերադարձնել» հաղթանակը. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

ԱՄՆ նախագահական ընտրություններից անցել է ավելի քան երկու շաբաթ, սակայն ընտրության արդյունքները մինչ օրս դեռ պարզ չեն: Մինչ Ջո Բայդենն ընդունում է շնորհավորանքներ, Դոնալդ Թրամփն ու իր թիմը շարունակում են դատական հայցեր ներկայացնել, որոնք առայժմ այդքան էլ հաջող չեն ընթանում, սակայն դրանցում վերջակետ դնելու համար նույնպես դեռ վաղ է։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է ծավալուն վերլուծություն` փորձելով ներկայացնել` արդյոք Թրամփը Սպիտակ տանը մնալու հնարավորություն  ունի։

Թրամփն ընդդեմ խաբեբաների

ԱՄՆ գործող նախագահի հայտարարությունն այն մասին, որ անկախ նրանից, թե որ վարչակազմը կլինի հաջորդը, իր վարչակազմի օրոք COVID-19-ի պատճառով կարանտին չի սահմանվելու, բավական սուր քննարկումների առիթ դարձավ, սակայն հասարակության ուշադրությունը գրավեց ոչ թե համաճարակային իրավիճակի գնահատականը, այլ Թրամփի հիպոթետիկ համաձայնությունն այն բանի հետ, որ Սպիտակ տունը կարող է նոր ղեկավար ունենալ։

Նման հայտարարությունից հետո Թրամփը շտապեց ուղղել այդ տպավորությունը, ուստի նրա թվիթերյան էջում սկսեցին հայտնվել հրապարակումներ, որոնցով գործող նախագահն իր աջակցությունն էր հայտնում Հանրապետական կուսակցությանը որոշ նահանգներում քվեարկության արդյունքների բողոքարկման արշավին («Բացահայտե՛ք հանցագործությունները», «Թույլ չե՛նք տա ծայրահեղ ձախակողմյաններին գողանալ ընտրությունները», «Հաղթելու ենք»): Նա սկսեց պարբերաբար հայտարարել ընտրություններում տեղ գտած լայնամասշտաբ ընտրախախտումների մասին՝ միաժամանակ ցուցադրելով նաև իր աջակիցների բողոքի ցուցերի տեսագրությունները:

Թրամփի հիմնական բողոքն այս ընտրությունների ժամանակ փոստով ուղարկված քվեաթերթիկների աննախադեպ քանակն էր, ինչը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ քվեաթերթիկներ պարզապես անվավեր ճանաչվեցին, և այժմ վիճահարույց նահանգներում արդարության վերականգնման համար պետք է քվեների վերահաշվարկ անցկացվի:

Սա բավական սպասված արձագանք է, քանի որ հանրապետականների կողմնակիցների մեծ մասն անձամբ է քվեարկել, ուստի նոյեմբերի 3-ին գործող նախագահն առաջատարն էր վիճահարույց նահանգներում, սակայն փոստով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկից հետո Ջո Բայդենը կտրուկ առաջ անցավ Թրամփից:

Թրամփը պնդում է, որ քվեարկությունից հետո քվեաթերթիկների հաշվարկը շարունակելն անթույլատրելի է, ինչը բնական է, քանի որ այս պարագայում հարց է ծագում, թե երբ է սկսվել հաշվարկը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշում է Յուրի Ռոգուլևը՝ ՄՊՀ-ի Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի անվան ԱՄՆ-ի ուսումնասիրության հիմնադրամի տնօրենը:

Ռոգուլևի խոսքով՝ նման դեպքերում ոմանք կարող են կասկածներ հայտնել՝ նշելով, որ փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը սկսվել է այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ դեմոկրատների թեկնածուն պարտվում է:

«Սա շահարկումների դաշտ է, ինչի պատճառով էլ Թրամփը կասկածներ է հայտնում», - ընդգծում է գործակալության զրուցակիցը:

Վերահաշվարկ դատարանի միջոցով

Մրցակիցների պայքարը շարունակվում է դատարաններում, և քանի որ որոշումները կայացվում են նահանգներում, ապա առաջին հերթին հայցեր են ներկայացվել նահանգային դատարաններ, նշում է Յուրի Ռոգուլևը՝ հավելելով, որ ավելի ուշ կարելի է դիմել նաև դաշնային դատարան:

Հանրապետականներն արդեն մոտ 20 դատական հայց են ներկայացրել երկրի տարբեր շրջաններում: Դրանցից հինգը ներկայացված են Միչիգան նահանգում, յոթը՝ Փենսիլվանիայում, երկուական հայց ներկայացված է Արիզոնա ու Ջորջիա նահանգներում և ևս մեկը՝ Վիսկոնսինում: Դիտորդները ընտրատեղամասերում խարդախություններ են արձանագրել, սակայն դատարաններում հայց ներկայացնելու համար կասկածները հարկավոր է հաստատել փաստարկներով, ինչը ոչ միշտ է հաջողվում:

Բացի այդ, ձայների հաշվարկի ընթացակարգը որոշ նահանգներում տարբերվում է, չնայած, որ որպես կանոն, դա հասարակ հաշվարկ է: Փենսիլվանիայում Բայդենն առաջ է անցել Թրամփից 1,2 տոկոսով, սակայն հանրապետականները պնդում են, որ այս նահանգում դեմոկրատամետ ընտրողներին թույլ են տվել որոշակի ուղղումներ անել քվեաթերթիկներում: Բացի այդ, եղել է ուշացումով ստացված մոտ 10 հազար քվեաթերթիկ, որոնք նույնպես հաշվվել են:

Միչիգանում «գայթաքար» է հանդիսացել Ուեյն շրջանը, որտեղից լույս նոյեմբերի 4-ը բավական մեծ թվով «կապույտ» քվեաթերթիկներ են ստացվել, ինչի շնորհիվ Բայդենը 146 հազար ձայնի տարբերությամբ առաջ է անցել Թրամփից: Այստեղ դատավորները սկզբում հանդես են եկել հօգուտ Թրամփի, սակայն վերանայումից հետո բոլոր պահանջներն անհիմն են որակել:

Արիզոնայում հանրապետականները հայտնում էին սարքավորումների անսարքության հետևանքով ձայների մի մասին կորստի մասին, սակայն ի վերջո հայցը հետ է կանչվել: Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Ջորջիայում, որտեղ Բայդենը Թրամփից առաջ էր անցել 0,3 տոկոսով: Այստեղ խնդիրներ էին առաջացել քվեաթերթիկների սքաների հետ կապված, ուստի ընտրական հանձնաժողովն ստիպված է եղել անձամբ ստուգել վիճահարույց քվեաթերթիկները: Ավելին՝ Թրամփի կողմնակիցները հայտնել են նաև մահացածների «քվերակության» դեպքերի մասին, սակայն այս դեպքում ևս չի հաջողվել ապացույցներ ներկայացնել:

Ջորջիայում Թրամփի թիմը պահանջել է ձեռքով հաշվել գրեթե հինգ միլիոն քվեաթերթիկ, ինչի արդյունքները պարզ կլինեն միայն նոյեմբերի 20-ին: Նահանգի պետքարտուղար՝ հանրապետական Բրեդ Ռաֆենսպերգերը հավանության է արժանացրել ստուգումը, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ ամենայն հավանականությամբ ոչինչ չի փոխվի, մինչդեռ Թրամփը նախապես է քննադատել հանձնաժողովին՝ հայտարարելով, որ նրանք թույլ չեն տալիս ստուգել ստորագրությունները:

Հաղթողը ստանալու է ամեն ինչ

Ինչպես նշում է Յուրի Ռոգուլևը՝ գործող նախագահը դեռ ժամանակ ունի, քանի որ ԱՄՆ-ի Սահմանադրությամբ ձայների հաշվարկին տրամադրվում է 30 օր, որից հետո ևս 30 օր տրամադրվում է ընտրիչներին քվեարկելու համար:

Ըստ օրենքի՝ նահանգները պետք է ամփոփեն արդյունքներն ընտրիչների հանդիպումից վեց օր առաջ, իսկ այս տարի այդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 14-ին, ինչը նշանակում է, որ արդյունքները պետք է ներկայացվեն դեկտեմբերի 8-ին:

ԱՄՆ-ում գործում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր նահանգում նա ստանում է բոլոր ընտրիչների ձայները: Մինչև դեկտեմբերի 23-ը արդյունքները պետք է ներկայացվեն Սենատ, որից հետո հունվարի 6-ին դրանք դիտարկվելու են Կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ: Սա նշանակում է, որ ընտրության արդյունքները պաշտոնապես հայտարարվելու են միայն այդ նիստից հետո:

Տեսականորեն, անգամ եթե վերահաշվարկը Թրամփին հաջողություն չբերի, միևնույն է հաղթելու հնարավորություններ նա դեռ կունենա: Հունվարի 3-ին սպառվում են ԱՄՆ 116-րդ Կոնգրեսի իրավասություններն ու աշխատանքի է անցնում 117-րդը, իսկ այս դեպքում Թրամփը կարող է ևս մի հնարավորություն ունենալ, քանի որ նոր Կոնգրեսը կարող է չընդունել գրանցված արդյունքները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին:

«Ընտրիչների կոլեգիայի քվեարկությունից հետո Կոնգրեսի նոր կազմը պետք է այն հաստատի: Սովորաբար սա զուտ ձևականություն է լինում, սակայն յուրաքանչյուր նահանգից կարելի է բողոք ներկայացնել մեկ սենատորի ու ներկայացուցիչների պալատի անդամի ստորագրությամբ», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես պատմում է Դրոբնիցկին, նախագահական ընտրությունների մակարդակով վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1876 թվականին: Այն ժամանակ երկիրը մի քանի ամիս ճգնաժամի մեջ էր, իսկ հաղթողին հայտարարեցին միայն մարտին:

«Նահանգները քաղաքացիական պատերազմի շեմին էին, իսկ սկսվել էր ամեն ինչ ընտրիչների կոլեգիայի արդյունքների բողոքարկմամբ», - նշում է մասնագետը:

Թրամփի համար մյուս հնարավոր դրական ելքը կլինի ընտրիչների քվերակությունը, որը չի լինի նախատեսվածի պես: Սահմանադրության համաձայն՝ նրանք պարտավոր չեն կատարել մեծամասնության կամքը, սակայն որոշ նահանգներում նման օրենքներ, այնուամենայնիվ, գործում են:

«Որոշ տեղերում խախտումը պատժվում է բանտարկությամբ, որոշ տեղերում՝ տուգանքով, իսկ որոշ տեղերում էլ նման ձայներն անվավեր են ճանաչվում, սակայն դավաճանած ընտրիչներ, այնուամենայնիվ, լինում են: Օրինակ՝ 2016-ին նմանները երեքն էին, սակայն արդյունքների վրա դա որևէ կերպ չանդրադարձավ», - բացատրել է քաղաքագետը:

Բացի այդ, ինչպես հավելում է Դրոբնիցկին, ներկա իրավիճակում դեմոկրատ ընտրիչները դժվար թե գործեն ընդդեմ կուսակցության:

Այս իրավիճակում հաղթանակը Թրամփին վերադարձնելու համար հարկավոր է երեք նահանգ, առնվազն՝ Փենսիլվանիան ու Ջորջիան: Դատական գործընթացները բավական երկարատև են, սակայն գործող նախագահը մտադիր է շարունակել պայքարը մինչև վերջ: Համենայն դեպս՝ Թրամփի թիմն անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի ապացուցի՝ Թրամփը պարտվել է միայն բյուրոկրատիայի և, այսպես կոչված, խորքային պետության ռեակցիոն գործողությունների պատճառով, ամփոփում է գործակալությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.