Կորոնավիրուս ունեցող 861 քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի, նրանցից 113-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

Այսօր՝ ժամը 9-ի դրությամբ մենք ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին, որ ստանան կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Նրանց մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում է տեղափոխման, բայց մեծ մասը գտնվում են տանը: Նրանցից 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ  ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր իրավիճակ է: 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը կրկին հոսպիտալիզացիայի ուղիղ ցուցում է, և նրանց վիճակը բնութագրվում է մոտ ծանրին կամ ծանր»,-մանրամասնեց նա:

Նրա խոսքով՝ չնայած մոբիլիզացիային՝ միևնույն է, առողջապահական  համակարգն ունի սահմանափակ ռեսուրսներ, և այլ կերպ չէր կարող լինել, չկա որևէ առողջապահական համակարգ, որն ունի անսահմանափակ ռեսուրսներ:

 

«Սահմանափակ ռեսուրսներն օգտագործվում են ըստ ցուցումների. այն է՝ պացիենտների առողջական վիճակը՝ ծանրից դեպի թեթև: Մեր խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, և ոչ ծանրերին, թեթևին, թեթևից մի քիչ ծանրերին, միջիններին փորձել բուժել տանը կամ որոշների դեպքում նույնիսկ ոչ մի բան չանել, պարզապես խնդրել նրանց մնալ տանը»,-ասաց նա՝ նշելով, թե համապատասխան կենտրոնը փորձում է այս հերթը հնարավորինս փոքրացնել, բայց այն վերջին օրերին միայն աճում է, քանի որ աճում է նաև վարակված քաղաքացիների թիվը: «Նոր միջացառում, որ թվերը զսպվեն, ես, անկեղծ ասած, հիմա չեմ պատկերացում»,-հավելեց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ թեև համակարգն աշխատում է գերլարված և գերմոբիլիզացված վիճակում, այնուամենայնիվ, ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական անձանց, զինծառայողների մասով որևէ թերացում չկա:

«Չկա գեթ մեկ վիրավոր կամ քաղաքացիական անձ, որն ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք ռազմական գործողությունների արդյունքում և չի ստացել պատշաճ բուժօգնություն»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.