«Վիրավոր Սարգիսը, բուժկետ տեղափոխվելու ճանապարհին, ընկել է շրջափակման մեջ»

23 տարեկան, դասակի հրամանատար Սարգիս Մանուկյանն ընկավ՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Սարգիսն այնքան շատ էր սիրում իր դասակի տղաներին, որ վիրավոր վիճակում սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 21-ը կանգնեց իր տղաների կողքին, պայքարեց մինչև իր վերջին շունչը. «Սարգիսը շատ հանգիստ բնավորություն ուներ: Ինքը երբեք չէր բռնկվում, շատ լավ գիտեր՝ իրեն ինչ է անհրաժեշտ: Որևէ քայլ անելիս՝ նա այնպես էր վարվում, որ լավ լիներ բոլորի համար»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց զոհված Սարգիս Մանուկյանի հայրը՝ Խաչատուր Մանուկյանը :

Ինչպես նշում է վերջինս, եթե իրականում Սարգիսը այդպիսին չլիներ, ապա սեպտեմբերի 28-ին, երբ վիրավորվել էր ոտքից, չէր հրաժարվի բուժօգնությունից և չէր վերադառնա դիրքեր՝ իր տղաների մոտ. «Ասացի, տղա ջան, ինչ է եղել, ինչու շտապօգնության մեքենայից իջար, ասաց՝ ես այնտեղ 18 տարեկան զինվորներ ունեմ, երեխեքը առանց ղեկավարի չեն կարող, անփորձ են: Եթե ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ գնա: Պետք է գնամ, իրենց կողքին լինեմ, որ իմանան՝ մենակ չեն»,- նշեց նա:

Սարգիսը վերջին օրերին բավական անհանգիստ էր, անընդհատ աշխատում էր, գծագրեր էր անում, լուծումներ էր փնտրում՝ իր զինվորներին ողջ ու առողջ  վտանգավոր գոտուց դուրս բերելու համար. «Սարգիսիս հաջողվեց փրկել իր զինվորներին: Երբ խոսեց ինձ հետ, երջանիկ ասաց՝ պա’պ, ես կարողացա փրկել տղերքիս»,-ընդգծեց Խաչատուրը: 

 

Մեզ հետ զրույցում Խաչատուրը վերհիշեց նաև իր և որդու վերջին հեռախոսազրույցը.  «Ես Սարգիսի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 20-ին: Տպավորություն էր, որ կարոտել էր շատ: Անընդմեջ հարցնում էր՝ պապ ջան ո՞նց ես, պապ ջան ո՞նց ես: Ես զգում էի՝ Սարգիսս ուզում էր, որքան հնարավոր է երկար լսեր իմ ձայնը»,- ասաց Խաչատուրը: 

Սարգիսը իր տղաներին թողեց միայն այն ժամանակ, երբ երկրորդ անգամ ստացավ ծանր վիրավորում. «Առաջին վիրավորումից չապաքինված՝ հոկտեմբերի 21-ին տղաս ստանում է երկրորդ ծանր վիրավորումը: Նրան շտապօգնության մեքենայով մոտակա բուժկետ տեղափոխելիս են լինում, և թշնամիները շրջափակում են մեքենան: Սարգիսս, ճանապարհին հանդիպելով թշնամական ուժերին, զոհվում է»,- եզրափակեց Սարգիսի հայրը:

Զվարթ Պետրոսյան

 
 
 
 
 
 
 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.