Հրթիռակոծելով Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ՝ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:

Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ մոր և մանկան առողջության կենտրոնում:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ մոր և մանկան առողջության կենտրոնը: 

Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը:

 



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.