Երեկվա ելույթս ուներ 2 նպատակ՝ միջազգային հանրությանը ցույց տալ մեր կառուցողականությունը և հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար պայքարում, 2 խնդիրն էլ լուծված է լիովին. Փաշինյան

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանաահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ: Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, կործանելու, ծնկի բերելու խնդիր էն դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, ժողովրդի, մարդու շնորհիվ է: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին:

Նրա խոսքով՝ այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարն ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ վերջիններս արդեն երկար ժամանակ սպասում են Արցախի անկման իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

 

«Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու»,-հայտարարեց նա՝ ընդգծելով, թե հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ խնդիրը:

Վարչապետի խոսքով ՝ նշված խնդիրները լուծելու համար հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն: «Հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և հանրային արգահատանքի: Որևէ բան նրանց համար չպետք է արդարացում դառնա, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»,-ասաց նա:

Անդրադառնալով երեկվա ելույթին՝ նա նշեց.

«Սիրելի ժողովուրդ.

Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ անկեղծ ասած, տարօրինակ չթվա ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:

Երկու խնդիրն էլ լուծվալ են են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:

Մեր խնդիրը ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:

Եւ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն ու մենք կհաղթենք:

Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։

Սա հնարավոր է դարձել, այդ թվում, մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:

Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչինչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:

Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ՝

Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,

Եւ տեսել քմծիծաղը ստի,

Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,

Մեր ոգին հանձնվել չգիտի:

Եւ ուրեմն՝ դու հաղթող ես հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե ոչ մի վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:

Եւ ուրեմն,

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի հանրապետությունը,

Կեցցե հայոց բանակը

Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում,

ազատ եւ երջանիկ Արցախում: Շնորհակալ եմ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.