ԱԺ-ն միաձայն վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում 71 կողմ ձայնով միաձայն վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան:

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց, որ կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:

Նրա խոսքով՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկանների՝ միջազգային իրավունքով ճանաչված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի լեգիտիմ իրականացման խոչընդոտելու նպատակով, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նշված արարքների կանխարգելման և հետապնդման համար:

 

Ըստ փոխնախարարի՝ կոնվենցիային անդամակցումը մեզ համար մի քանի կարևոր հանգամանքներով է էական այս իրավիճակում:

Գրիգորյանի խոսքով` կոնվենցիայի կետերով կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար:

«Կոնվենցիային միանալով, 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997թ. այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ` սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների՝ որպես վարձկաններ օգտագործման առնչությամբ»,-ասաց նա, ապա հավելեց, որ կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել Թուրքիայի նկատմամբ:

«Թուրքիան թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանդիսանում է հանցակից կողմ, որը պատասխանատվություն ԱՀ դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկներին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու և Ադրբեջան ուղարկելու հարցում»,-հայտարարեց Քրիստինե Գրիգորյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.