ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցությունները պետք է դադարեցվեն. Ֆրանկ Էնգել

Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական կուսակցության նախագահ Ֆրանկ Էնգելը նկատում է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ և շեշտում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցություններն ընդհանրապես պետք է դադարեցվեն: Էնգելն ընդգծում է, որ հնարավոր չէ Եվրոպական Միությանն անդամակցության հարցը քննարկել ամբողջատիրական բռնապետության հետ:

 

Ֆրանկ Էնգելն այս մասին ասել է Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական կուսակցության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում, որում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի գործողությունները:

«Թուրքիան այսօր խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ, և դրանից անդին: Այն ապակայունացնում է Արևմտյան Բալկանները իսլամիստական զանգվածային ազդեցության միջոցով: Մոնտենեգրոյից մինչև Բոսնիա ՝  մինչ Խորվաթիայի հետ սահման, կառուցվում են մզկիթներ և ներդրվում քարոզիչներ, որոնք հարվածի տակ են դնում հանրային համախմբվածությունը: Եվրոպան չպիտի շարունակի խրախուսել նման վարքագիծը։

 
 
 

Թուրքիան օկուպացրել է իր հարևաններից երկուսին՝ Սիրիան և ԵՄ անդամ Կիպրոսը: Կովկասում այն ագրեսիվ պատերազմ է մղում հայերի դեմ թուրքական կործանիչներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այն հազարավոր ջիհադիստ ահաբեկիչներ է ուղարկում Լիբիայից և Սիրիայից դեպի Արցախյան ռազմաճակատ։ Նրանք այնտեղ զոհվում են Ադրբեջանի զինվորների փոխարեն, որը սանձազերծել է այս պատերազմը և շարունակում է այն անմարդկային դաժանությամբ: Այս ամենը երկու օր առաջ շեշտվեց և միաձայն դատապարտվեց Պատգամավորների պալատում, Կլոդ Վիզելերի նախաձեռնությամբ: Եվ ես կարծում եմ, որ մենք դրանից հետևություններ պետք է անենք»,- ասել է Էնգելը։

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները երկար ժամանակ սառեցված էին՝ շեշտելով, որ դրանք պետք է ընդհատվեն և ընդհանրապես դադարեցվեն: «Թուրքիայի գործող նախագահին և նրա երկրին չպետք  է առաջարկվի որևէ այլ պայմանագիր ԵՄ-ի հետ: Մինչև Թուրքիան չդառնա նորմալ պետություն, (և ես դա մաղթում եմ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիների), պետք է պարզ լինի, որ Եվրոպան չի ուզում ընդունել նրան: Մենք չենք կարող օգնել մարդկանց՝ ձևացնելով: Հիշեցնեմ նաև, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների դադարեցումը համապատասխանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հստակ դիրքորոշմանը, որին ես աջակցում էի Եվրախորհրդարանում»,- եզրափակել է Ֆրանկ Էնգելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.