Սահմանամերձ շրջանների աշակերտներն ապահովվել են անհրաժեշտ սարքավորումներով և ինտերնետով՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար․ ԿԳՄՍՆ

Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։

 

Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային կապի օպերատորների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` սահմանամերձ համայնքների սովորողները կապահովվեն նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ։ Հեռավար ուսուցումը կազմակերպվում է դպրոցների կողմից՝ համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի և ուսումնական պլանի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ապահովում է նաև իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։ Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կապահովվեն անհրաժեշտ դասագրքերով։

Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացն իրականացվում է սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների:

Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացն իրականացվում է համավարակի պայմաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի 24-Ն հրամանով սահմանված սանիտարական կանոնները։ Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում դպրոցը ժամանակավորապես անցնում է հեռավար ուսուցման՝ դադարեցնելով առկա ուսուցման գործընթացը և վերադառնալով դրան դպրոցում գրանցված վարակի դեպքերում մեկուսացման և ինքնամեկուսացման ժամկետների ավարտից հետո։

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում կրթության ոլորտի կազմակերպիչներին ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, խստագույնս հետևել պաշտոնական լրահոսին և լիազոր մարմնի ցուցումներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.