Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 2 զոհ. բժիշկները պայքարում են 11-ամյա աղջնակի կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբեր 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Toyota Land Cruiser մակնիշի 21 NN 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190 կմ հատվածում, Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորութմամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով : Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.