Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց  է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:

Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:

Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ կարևոր է համարում դիվանագիտական բոլոր միջոցների օգտագործումը ծովի արևելքում լարվածությունը նվազեցնելու համար:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.