Ես աշխատել եմ բոլոր իշխանությունների ժամանակ, խնդրում եմ՝ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ. Երվանդ Խունդկարյան

Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման վերաբերյալ որոշում չունեմ, որևէ քննարկում չի եղել, քննարկումը կլինի աշխատակարգային նիստին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունից առաջ ասաց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:

 

«Այն անձը, որ կընտրվի աշխատակարգային նիստով, փակ գաղտնի քվեարկությամբ, ուրեմն լուծումը կլինի օրենքի պահանջներին համապատասխան»,-ասաց նա: Հարցին, թե խոսվում է, որ երաշխիքներ են եղել, որ ինքն է լինելու ՍԴ նախագահ, Երվանդ Խունդկարյանն ասաց, որ նման երաշխիքներ չեն կարող լինել, և նման  քննարկումներ չեն եղել: «Որևէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ, և որևէ մեկը նման երաշխիք չի էլ տվել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու թողեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, նա պատասխանեց, որ պաշտոնները չի գնահատում, և իր համար ավելի արժեքավոր է դատավորի՝ արդարադատական գործառույթ իրականացնելը: Դատավորը նկատեց, որ որևէ դատարանի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահը լինելը ժամանակավոր երևույթներ են:

 

Երվանդ Խունդկարյանն ասաց, որ եթե ԱԺ-ն կատարել է ընտրություն, ուրեմն երեք թեկնածուների թեկնածությունն էլ համարել է ընդունելի:  Ինչ վերաբերում է նախորդ իշխանության հետ կապեր ունենալուն, ապա նա ասաց. «Ցանկացած անձի կարող են ցանկացած իշխանության հետ կապել, ես Հայաստանի Հանրապետության գերագույն դատարան աշխատանքի եմ անցել առաջին նախագահի օրոք, աշխատանքս փոխել եմ և տնտեսական դատարանում եմ աշխատել ՀՀ երկրորդ նախագահի օրոք, վճռաբեկ դատարանի դատավոր, պալատի նախագահ նշանակվել եմ ՀՀ երրորդ նախագահի օրոք, ես Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել եմ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետ, երբ որևէ կուսակցության դոմինանտ կարծիք չէր կարող ազդել ընտրության վրա, Սահմանադրական դատարանի անդամ ընտրվել եմ 2020 թվականին, խնդրում եմ՝ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.