ՀՀ և Բուլղարիայի միջև ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության իմաստով. Արմեն Ղազարյան

Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

 

Նա նշեց, որ կիրարկման արձանագրությունը հաստատվել է փետրվարի 20-ին, ՍԴ-ն մայիսին որոշել է, որ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխան են Սահմանադրությանը: «Համաձայնագրի շրջանակում վավերացվող արձանագրությունները նախատեսում են մի շարք պարտավորություններ՝ երկու կողմերի համար: Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետ ընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն»,-ասաց նա:

Արմեն Ղազարյանը նշեց, որ սա ավելի շատ տեխնիկական փաստաթղթեր են, կանոնակարգում են Եվամիության անդամ երկրների միգրացիոն իշխանությունների և Հայաստանի միգրացիոն իշխանությունների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, ապա նա ասաց. «Այդպիսի ամրագրված նախապայման գոյություն չունի, սակայն ակնհայտ է, որ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության իմաստով»:

 

Հարակից զեկուցող Անուշ Բեղլոյանը նշեց, որ այս համաձայնագիրը բարձրացնում է ՀՀ միջազգային վարկանիշը և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկիրը հուսալի, թափանցիկ և պատասխանատու գործընկեր է Եվրոպական միության երկրների համար և լրացուցիչ խթան է եվրոպական վիզաների ազատականացման գործընթացում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.