ՕՊԵԿ-ը կրկին իջեցրել է 2020թ․ նավթի պահանջարկի համաշխարհային կանխատեսումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կրկին իջեցրել է 2020թ․ նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը եւ այժմ սպասում է օրական 9,46 միլիոն բարելով դրա կրճատմանը՝ մինչեւ նախորդ տարվա օրական 90,23 միլիոն բարել մակարդակ, ասվում է ՕՊԵԿ-ի սեպտեմբերյան զեկույցում, հայտնում է Reuters-ը։

Օգոստոսին ՕՊԵԿ-ը ակնկալում էր 2020թ.պահանջարկի նվազում՝ օրական 9,06 միլիոն բարելով` մինչեւ օրական 90,63 միլիոն բարել: Պահանջարկի կանխատեսումը իջեցվեց Ասիայում, հիմնականում՝ Հնդկաստանում սպառման սպասվածից թույլ վերականգնման պատճառով:

ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ 2021թ․ աշխարհում նավթի պահանջարկը կաճի օրական 6,62 միլիոն բարելով՝ հասնելով օրական 96,86 միլիոն բարելի: Օգոստոսին կարտելը ակնկալում էր, որ պահանջարկը կբարձրանա օրական 7 միլիոն բարելով՝ կազմելով օրական 97,63 միլիոն բարել: Շուկայի վրա COVID-19 համավարակի հետագա հնարավոր բացասական ազդեցությունից զատ, ՕՊԵԿ-ը 2021թ․ իր կանխատեսման մեջ հաշվի է առնում Ասիայում պահանջարկի վերականգնման դանդաղման ռիսկը:

Միջինը 2019թ․ նավթի համաշխարհային պահանջարկը կազմում էր օրական 99,69 մլն բարել: ՕՊԵԿ-ը ակնկալում է, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների հեղուկ ածխաջրածինների արտադրությունը 2020-ին տարեկան կտրվածքով կնվազի 2,7 միլիոն բարելով` կազմելով օրական 62,5 միլիոն բարել:

Ընթացիկ կանխատեսումը վերանայվել է օրական 0,36 միլիոն բարել ավելացման կողմը՝ հունիսին ԱՄՆ արտադրության սպասվածից արագ աճի ֆոնին, երբ երկիրը նախորդ ամսվա համեմատ ավելացրեց օրական 1 միլիոն բարել հեղուկ ածխաջրածինների արտադրություն: ՕՊԵԿ-ը նշում է, որ ԱՄՆ-ից բացի հումքի արտադրության վերականգնում տեղի է ունենում Կանադայում եւ Լատինական Ամերիկայում: ՕՊԵԿ-ը չի նախատեսում 2020-ին սեփական նավթի արդյունահանման կանխատեսում, սակայն նշում է, որ օգոստոսին կարտելի անդամ 13 երկրների արտադրությունն աճել է օրական 0,76 միլիոն բարելով՝ հուլիսի համեմատ կազմելով օրական 24,05 միլիոն բարել: Հիմնական աճը գրանցվել է Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Ալժիրում եւ Անգոլայում: 2019 թվականին ՕՊԵԿ կարտելն օրական արտադրել է 29,34 միլիոն բարել, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ օրական եղել է 28,28 միլիոն բարել, երկրորդ եռամսյակում՝ օրական 25,61 միլիոն բարել, վկայում են կազմակերպության տվյալները:

Ընդ որում՝ ՕՊԵԿ-ը 2020-ին կանխատեսում է Ռուսաստանում նավթի եւ գազի կոնդենսատի արտադրության անկում` օրական 1,1 միլիոն բարելով` 2019-ին օրական մինչեւ 10,3 մլն բարելի համեմատ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.