Պատգամավորներն առաջարկում են կեղծ սննդամթերք արտադրելը քրեականացնել, իսկ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլի» պատգամավորների առաջարկած Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց «Իմ քայլից» Արթուր Դավթյանը:

«Փոփոխությունների առաջարկը բխում է վերջերս տեղի ունեցած իրադրությունից, երբ մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին, և Քրեական օրենսգիրքը նմանատիպ հոդված ունի, սակայն սննդակարգի հետ կապված նման դրույթ Քրեական օրենսգիրքը չի նախատեսում, ինչը նախագծի հեղինակներիս կարծիքով` բացթողում է»,-ասաց նա և նշեց, որ քանի որ պատժամիջոցները խիստ են, կարծում են, որ այս փոփոխությունները հիմք կլինեն, որ կեղծ սննդամթերք չարտադրվի, և սննդի որակը կբարձրանա:

 

Այսպիսով` առաջարկում են կեղծ սննդամթերք արտադրելու և իրացնելու համար պատիժ սահմանել տուգանքը՝ նվազագույն  աշխատավարձի 200-ապատիկից-500-ապատիկ, իսկ անզգուշությամբ մարդու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելու համար պատժվում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, իսկ անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքում արարքը կպատժվի ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով: Զեկուցողը պարզաբանեց, որ  եթե մակնշումը լինի այլ, իսկ արտադրանքը այլ, ապա դա կհամարվի կեղծ սննդամթերք:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց, որ կառավարությունը բացասական վերաբերմունք ունի նախագծի վերաբերյալ, քանի որ որոշ հատված կարգավորված է Քրեական օրենսգրքում` կապված սպառողներին խաբելու հետ: Նա խնդրահարույց համարեց բաղադրությունը մակնշմանը չհամընկնելու ձևակերպման դեպքում ապրանքը կեղծ համարելը: «Օրինակ` կաթնամթերքի դեպքում յուղայնությունը մակնշման մեջ  2,8 է գրված, սակայն եթե  պարզվի 2,6 է, որը որևէ վնաս չի հասցնում մարդկանց առողջությանը, այս մարդկանց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել»,-ասաց նա և այս առումով չհիմնավորված համարեց առաջարկը:

Հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց բարձրացրեց, թե արդյոք համահո՞ւնչ են պատժամիջոցները և նշեց, որ կարիք է տեսնում խստացնել դրանք: Նա նշեց, որ ոչ միայն սննդամթերքը կարող է առողջությանը վնաս հասցնել, այլ հիգիենիկ պարագաները և առաջարկեց սննդամթերքից բացի` այլ տնտեսական ապրանքներ ներառել նախագծում, իսկ Վլադիմիր Վարդանյանը` հասկացությունները հստակեցնել, լրամշակել նոր ներկայացնել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.