ԿԳՄՍ նախարարը, չանելով ոչինչ, ստանում է պատկառելի աշխատավարձ, պարգևավճարներ. քանդվում է հայոց լեզվի, հայկականության հիմքը, որը գուցե էլ երբեք հնարավոր չլինի վերականգնել. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Քանդվում է մշակույթի, հայոց լեզվի, հայկականության հիմքը, որը գուցե էլ երբեք հնարավոր չլինի վերականգնել: Այս մասին «Կամք» նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի ընթացքում պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հայտարարեց գրականագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ ընդգծելով, թե իրեն մտահոգում ու որոշակիորեն անհանգստացնում է այն համառությունը, որով ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից:

 

Նրա դիտարկմամբ՝ թեև Հարությունյանը համակարգում է 4 կարևոր ոլորտներ, սակայն դրանցից որևէ մեկում չի իրականացրել որակյալ աշխատանք: «Արայիկ Հարությունյանը, չանելով ոչինչ, ստանում է պատկառելի աշխատավարձ, պատկառելի պարգևավճարներ, իր համար պտտվում է, և հարկատուներս վճարում ենք նրա հաճույքների համար: Ես չեմ պատրաստվում վճարել նրա հաճույքների համար: Հարությունյանը պետք է հեռանա, որովհետև նա իր տեղում չէ, ոչինչ չի արել, չի հանդիպում ժողովրդի հետ, հետևաբար ասելիք էլ չունի»,-հայտարարեց Սրապիոնյանը:

Անդրադառնալով կրթական ոլորտի չափորոշիչներին՝ նա նշեց, թե դրանցում առկա խնդիրները բարձրաձայնվել են հայագիտական կենտրոնների ղեկավարների կողմից. վերջիններս, նրա կարծիքով, մանրամասնորեն ու բարեխղճորեն վերլուծել են այդ չափորոշիչները, սակայն այդ դիտարկումները հաշվի չեն առնվել:

 

«Մենք կունենանք բարձրագույն կրթության դիպլոմով մասնագետներ, որոնք հայ չեն լինի: Այն մարդը, որը չգիտի իր պատմությունը, չի տիրապետում իր մշակույթին, չի հասկանում՝ ինչն է հայն ու հայկականությունը, չի կարող պահել ՀՀ սահմանները: Այլ կերպ ասած, այս չափորոշիչներն ուղղակիորեն հարվածում են մեր ազգային անվտանգությանը: Այս անհանգստությունն էլ ինձ այսօր բերել է ակցիային»,-նշեց նա:

Սրապիոնյանի խոսքով՝ դեռ 1.5-2 տարի առաջ, երբ Արայիկ Հարությունյանը «Հայոց լեզու» առարկան հանեց բուհական համակարգի այն մասնագիտացումներից, որոնցում այդ առարկան չէր համարվում բուն մասնագիտացում, ինքը հասկացել է, որ Հարությունյանն ավելի հեռու է գնալու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.