Մասիսի քաղաքապետի և ԱԺ նախկին պատգամավորի տղայի մասնակցությամբ, կրակոցներով ուղեկցված ծեծկռտուքի մանրամասները

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով:

ՀՔԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մ. Դավթյանին պատկանող բնակարանում կազմակերպված հացկերույթի ընթացքում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Դավթյանի և նրա հարևանի՝ 48-ամյա Արթուր Ղարսայանի միջև: Վիճաբանության ընթացքում միմյանց միջև տեղի է ունեցել քաշքշուկ ու հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո նշված վայր է ժամանել Մ. Դավթյանի որդին՝ 31-ամյա Անդրանիկ Դավթյանը, ով իր հորն ու Ա. Ղարսայանին հանդարտեցրել է, ինչից հետո բնակարանից դուրս են եկել բակ:

Դրանից հետո բակ է ժամանել Ա. Ղարսայանի եղբոր որդին՝ Մասիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Նաիրի Ղարսայանը, ով իր մոտ պահվող ատրճանակով սպառնացել է Դավթյաններին, ինչից հետո սկսվել է նոր վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ Ն. Ղարսայանը ձեռքին եղած ատրճանակով մի քանի անկանոն կրակոց է արձակել: Դեպքին միջամտել է Նարեկի մտերիմ, Մասիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Սևան Խաչատրյանը, ով Մասիսում ավելի շատ հայտնի է «Զիբիլի Սևակ», ինչի արդյունքում վիճաբանության մասնակիցները հանդարտվել են և հեռացել շենքի բակից:

 
 
ԳՈՎԱԶԴ
00:25
Իմանալ ավելին
 

Սակայն հունիսի 9-ին Ա. Դավթյանի մտերիմ, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 38-ամյա Նվեր Մուրադյանը, ով նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, ըստ տեղեկությունների, պարզաբանումներ ստանալու և հարցին լուծում տալու նպատակով հանդիպել է Ս. Խաչատրյանի մտերիմ, Մասիսի քաղաքապետ, Մասիս քաղաքի բնակիչ, 34-ամյա Դավիթ Համբարձումյանին: Երկուսով որոշ ժամանակ խնդրի շուրջ զրուցելուց հետո ժամանել են ու ներկա են գտնվել նաև վիճաբանութան մասնակիցները: Հանդիպման արդյունքում միջադեպը հարթվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.