«Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքներն ուղղել են դեպի արևմուտք. Սևակ Հակոբյան

Լիբանանում շարունակում են գույքագրել պայթյունի հետևանքով պատճառված վնասի հետեւանքները։ Լիբանանահայերի՝ սկզբնական շրջանում վերադառնալու ցանկությունը այս պահին նույնը չէ։ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, Բեյրութի պայթյունից հետո պատճառված վնասի գույքագրումն ի՞նչ փուլում է։ Արդյո՞ք հայկական համայնքի կրած վնասները հաշվարկվել են։

-Պետությունը ինչ- որ հաշվառումներ անում է՝ այցելելով յուրաքանչյուր տուն կամ հաստատություն՝ լինի դա անհատական, թե միութենական հաստատություն կամ կազմակերպություն։ Սակայն խնդիրն այն է, որ այս տեսակ հաշվառումներ Լիբանանի ամբողջ արհավիրքների ընթացքում 1975-ից ի վեր եղել են, սակայն ոչ ամեն անգամ է իր նպատակին ծառայել, կամ ի վերջո վնասի հատուցումը իրական արժեքով է եղել։ Հետևաբար` այդ մասին մեծ վստահություն չկա։ Մնում է միայն, որ հաստատությունները իրենք իրենց արդար հաշվարկն անեն՝ առանց չափազանցության և իրենք իրենց միջոցներով դիմեն միջազգային կազմակերպություններին։ Օրինակ Ֆրանսիայի ղեկավարը այցելեց, սակայն ոչ մի պետություն օգնության տրամադրություն չունի։

-Հաշվարկներից հետո օգնությունը ինչպե՞ս է տրամադրվելու՝ պետությունն է հոգալու պատճառված վնասները, թե հույսը լինելու է միջազգային հանրությունը։

-Կարծում եմ օգնությունները պետք է տրամադրվեն ՀԿ-ների միջոցով։ Հիմա հայկական միությունների պարտականությունը կամ աշխատաձևը պետք է լինի նրանց դիմել և հուսալ ինչ-որ օգնության՝ լինի դա հայկական, թե օտար։ Իդեալական բաների մասին պետք չէ խոսել։ Որքան էլ խոսենք լիբանանահայ հանձնախմբի մասին, միշտ էլ անհատապաշտություն գոյություն ունի և այդքան էլ արդար չպետք է լինի բաժանումը։

-Լիբանանահայերի տրամադրությունների և տրամադրվածությունների մասին կպատմեք։ Ցանկություն ունեն արդյոք Հայաստան գալու։

-Սկզբում տիրող մտածմունքները այս պահին այլևս չկան։ Առաջին հակազդեցությունը եկավ երբ մարդիկ ցանկություն ունեին գալու, որի ժամանակը անցավ։ Հիմա մարդիկ ավելի հանդարտ են մտածում։ Գնալու ցանկությունը ուրիշ է, դրա պատասխանատվությունը և հետևանքները ուրիշ բան են։ Ենթադրենք պետությունը տունը տրամադրեց՝ Հայաստանի պարագայում, սակայն կենցաղային ուրիշ հարցերը ինչպե՞ս պետք է լուծվեն, օրինակ՝ երեխաների դպրոց գնալու, սնվելու հարցերը, երբ որ առանց տնտեսական հիմք ունենալու գան Հայաստան։ Հիշեցնեմ, որ Լիբանանահայ համայնքը իր ունեցվածքը վաճառելու լուրջ դժվարություն ունի կանխիկ գումարի տեսքով և գումարը ինչպես պետք է դուրս բերեն արգելափակումների ժամանակ։ Այս խնդիրներով համայնքը գրեթե կարողություն չունի։ Այս բաները հաշվի առնելով այո՝ սկզբում ցանկություններ կային, բայց դրանք այլևս չկան և նորմալ է, որ պիտի նվազեն։ Մարդիկ կան, որ նախապատրաստվել էին, իրենց ունեցվածքները գրավ էին դրել։ Սա մինչև այն վայրկյանը, որ Աստված չանի պատերազմ սկսվի։ Մարդկանց ֆիզիկական անվտանգությունը երբ սպառնալիքի տակ լինի, այդ ժամանակ մարդիկ չպետք է տարվեն մանրամասնություններով և պարզապես հեռանան. այդ պարագայում խուճապի իրավիճակ կարող է սկսվել։ Մնում է Հայաստանը պատրաստ լինի։

-Եթե անգամ մի օր ընտրության առջև կանգնեն լիբանանահայերը, որտե՞ղ կնախընտրեն բնակություն հաստատել՝ Հայաստանում, թե այլ երկրներում։

-Դժբախտաբար հայացքները միշտ ուղղված են դեպի արևմուտք՝ ներառյալ հայաստանցիները։ Գլենդելի գաղութը ևս հայաստանցիները կազմեցին։ Դժբախտաբար, երբ երկիրը կայուն չէ տնտեսապես և քաղաքականապես, մարդիկ վախենալով ավելի ապահով երկրիների մասին են մտածում։ Մնում է Հայաստանը մարդկանց համար գրավիչ դարձնել, որովհետև մարդիկ կարկուտի սիրահար չեն։

-Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը Հայաստանի կողմից ուղարկված օգնության հետ ժամանեց Լիբանան։ Ի՞նչ է հասցրել տեսնել և արդյոք այցը որևէ կերպ օգնեց լիբանանահայ համայնքին։

-Ես կարծում եմ, որ Սփյուռքի գործերով հանձնակատարը պետք եղած հետազոտությունը արեց այստեղի դեպքերի և տրամադրությունների մասին և կարծում եմ, որ առաջիկայում ինքը, երևի, արտահայտվի և փոխանցի տրամադրությունները։ Բայց կարծում եմ հանձնակատարը երկու տարբեր տեսակետ լսեց այստեղ՝ համայնքային ղեկավարության և ճիշտ վարվեց ժողովրդական խավերի հետ էլ շփվեց։ Նորմալ բան է, որ եկեղեցին չի ուզում իր ազդեցության շրջանակի մեջ մնալ և պետք է դեմ արտահայտվի Լիբանանից դուրս գալուն, նույնը քաղաքական կազմակերպությունները։ Ինձ համար հայ անհատի ֆիզիկական ապահովությունը կարմիր գիծն է։ Մենք իրավունք չունենք մարդկանց ֆիզիկական ապահովության հաշվին քաղաքականություն խաղալու և մեզ քվեարկողներին գետնին պահելու կամ մարդկանց խաբելու և ասելու՝ դուք այստեղ մնացեք։ Կամ մեծ լոզունգները, որ հայկական մեծ գաղութը պետք է այստեղ մնա։ Ինձ համար անբարոյականություն է մարդկանց խաբելը։ Անհատների կարծիքը բոլորովին տարբեր է քաղաքականից և ուզում են, որ իրենց ընտանիքը և իրենց գլուխները ազատել այս իրավիճակից։ Լիբանանի հետ ի վերջո նույնը պետք է կատարվի ինչ տարածաշրջանում վերջին 50 տարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.