Կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը հնարավոր չէ տրամադրել. փաստաբան

Մանիպուլյացիոն ձևով փորձ է արվում պատրանք ստեղծել, թե, իբր, քրեակատարողական բժշկության կենտրոնը կամ պետությունը բավարար բժշկական միջոցներ, համարժեք բուժում է ապահովում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով պետության կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարմանը եւ ընդգծեց, որ դա միայն պատրանք է։

Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին այցելել են մի քանի բժիշկներ, թերապևտ, նյարդաբան, քիթ-կոկորդի մասնագետ, սրտաբան, որոնք զննել են նրան եւ զննությունից Գագիկ Խաչատրյանը չի հրաժարվել։ Այդուհանդերձ, փաստաբանի խոսքով, որևէ բուժում չեն արել. «Եթե փորձ է արվում տարբեր մասնագետների զննությունը ցուցադրել որպես բժշկական օգնություն, ակնհայտորեն այդպես չէ։ Իրենց կողմից տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը միայն հրաժարվել է քիթ-կոկորդի մասնագետի զննությունից, որովհետև այդ կապակցությամբ խնդիր չի ունեցել, դա նշանակում է, որ ինքը որևէ բժշկական օգնությունից չի հրաժարվել։ Ավելին, տեղեկություն է տրամադրվել, թե, իբր, Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց։ Այդ տեղեկատվությունն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին, երբ «Աստղիկ» ԲԿ-ից առաջին անգամ հարկադրաբար տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, մեր բազմաթիվ պահանջներից հետո, որպեսզի տեղափոխեն կրկին հիվանդանոց, գրություն եկավ, թե, իբր, Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց։ Այս անգամ ինչ-որ երկու-երեք բժիշկ իրենց համար նստել ու արձանագրություն են կազմել, թե իբր հրաժարվել է այն դեպքում, երբ այդ կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ ենք արել, դիմել ենք, փաստաթղթերն ենք պահանջել»,-ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ ակնհայտորեն որևէ քրեակատարողական բժշկական կենտրոնում նման բժշկական օգնություն հնարավոր չէ տրամադրել, ինչը հաստատվել է նաև Խաչատրյանի բժշկի կողմից՝ նրա մոտ կատարած այցով, որտեղ նշվել է, որ համալիր տարբեր մասնագետների, բժիշկների հսկողությամբ բժշկական օգնություն է պետք իրականացնել, որը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ իրականացնել. «Այս ամենն ունենալով հանդերձ հայտարարել, թե իրենք պատշաճ միջոցներ են ձեռնարկել, բայց Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է ֆիզիոթերապևտին, այստեղ կրկին մանիպուլյացիա կա այն իմաստով, որ Գագիկ Խաչատրյանին ասել են՝ գտել են մի ֆիզիոթերապևտի, որը կարող է քրեակատարողական հիմնարկում ֆիզիոթերապիա իրականացնել։ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ այս հարցը բավական լուրջ է և առաջարկել է, որ այդ ֆիզիոթերապևտի տվյալները փոխանցեն իր փաստաբանին, որպեսզի պարզենք, թե իրականում ինչ մասնագետ է, ինչ փորձառություն ունի, կարող է դա անել, թե ոչ։ Նաև իր հետ խոսեինք ու հասկանայինք, թե ինչպես է այդ պրոցեսը տեսնում, որովհետև բժիշկները բազմիցս տեղեկացրել են, որ ֆիզիոթերապիան, կինեզոթերապիան, եթե առանց այլ բժիշկների հսկողության ներքո արվի կամ որոշակի սխալներով արվի, կարող է նույնիսկ հաշմանդամություն առաջացնել։ Դրանից հետո պետք է գոնե փաստաբանին տեղեկացնեին այդ մասին, հանձնեին տվյալները, բայց այդպես էլ չհայտնեցին»,-ասաց փաստաբանը։

Վերջինս տեղեկացրեց, որ բավականին երկար ժամանակ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի արտասահմանյան մասնագետների հրավիրեն Հայաստան, փորձեն այստեղ վիրահատությունը կատարել։ Երեմ Սարգսյանը նշեց, որ տարբեր մասնագետներ գրավոր պատասխանել են, որ դա անհնար է Հայաստանում կատարել համապատասխան սարքավորումների, միջոցների, բուժանձնակազմի հնարավորությունների բացակայության պատճառով և որ նման պայմաններում կատարելը կարող է ավելի վտանգավոր լինի կյանքի, առողջության համար։ Ամեն դեպքում նրանք խնդրել են, որ այն բժիշկն, ով առաջին վիրահատությունն է կատարել, գա Հայաստան և բոլոր հնարավորություններն ուսումնասիրի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.