Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն. Նինա Կարապետյանց

Ակցիայի մասնակիցները համարձակվեցին Ամուլսարի անունը տալ, իսկ Ամուլսարի անունը փակված է, որևէ մեկն իրավունք չունի Ամուլսարի անուն հնչեցնել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ԱԺ բակից հանուն Ամուլսարի ակցիա իրականացնողներին բերման ենթարկելուն։

«Այս անգամ ուղղակի ավելի ողջամիտ են, եթե որոշել են, հրահանգ են ստացել իրավապաշտպանին չտանեն։ Անցած անգամվա իրենց գործողությունն ավելի շատ միջազգային աղմուկ ստացավ, որովհետև դա խայտառակություն էր։ Ամբողջ աշխարհում ընդունված չէ։ Այս անգամ մատով չկպնելու հրահանգ են ստացել։ Էս անգամ տարան ակտիվիստներին՝ ընամենը խաղի միջոցով կոչ անելու համար։ Երբ Ամուլսարը բացելու կոչեր են անում, որևէ խնդիր չկա, որովհետև կառավարության շենքի դիմաց մի քանի օր առաջ հստակ ակցիա է եղել, որի ընթացքում կոչեր են հնչել Ամուլսարը բացելու։ Այսինքն եթե կոչերն արգելված են միայն Ամուլսարը փակելու հետ կապված, նշանակում է հստակ հրահանգ կա լռեցնել բոլորին, ովքեր պատրաստ են Ամուլսարի բացելուն դեմ գործողություններ անելու»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունները ընդօրինակել են վատագույն ավանդույթները։

Նինա Կարապետյանցը նկատեց՝ ամենատխուրն այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում լռության ներքո. «Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ 40, 30 տոկոսը մեր կողքին կանգնած կլիներ՝ գործագործ խաղալուց։ Այսօր նրանք իրենց պաշտոններն ու պարգևավճարներն ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, ժողովրդի, իրենց ընտրողների խոսքը կամ իրավունքը։ Սա շատ ցավալի է»,-ասաց իրավապաշտպանը։

Հարցին՝ իշխանությունները շարունակու՞մ են լռել, Նինա Կարապետյանցն ասաց, որ մի փոքր խոսել են. «Տեսել եմ Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որը ոչինչ չասող ելույթ էր։ Նույնն էր, ինչ լռելը, որովհետև ժողովրդի ընտրյալները պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ իրենք հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն։ Մենք պատգամավորներին ընտրել ենք, առաջնային մանդատ ենք տվել, որպեսզի իրենցից տեսնենք մեր բոլորի իրավունքների պաշտպանություն»,-ասաց իրավապաշտպանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.