Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի։Երևանին ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործով ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Ռ.Նազարյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ այն գնահատելով անհիմն ու ապօրինի։ Ավելին` մեղսագրվող արարքի վրա տարածվում է համաներում:  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.