Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կհրապարակվի որոշումը։

Հարցին, թե արդյո՞ք պատահական է, որ աղմկահարույց գործերով միջնորդությունները և բողոքները մակագրվում են «Կենտրոն» նստավայրի դատավորներին՝ պաշտպանը նշեց, որ պատահական չի համարում։ Անդրադառնալով կալանավորման միջնորդության հիմնավորմանը՝ Ռաֆայելյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը մտավախություն ունի, որ Ռոբերտ Նազարյանը, մնալով ազատության մեջ, միգուցե խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց կամ կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Մինչդեռ քննությունից խուսափելու որեւէ դեպք չի արձանագրվել։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքին, պաշտպանը նշեց, որ Նազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Բացի այդ՝ Ռաֆայելյանը հայտնեց, որ Ռոբերտ Նազարյանի դեմ չկա ցուցմունք, թեև վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ կա ուղղակի ցուցմունք, սակայն դատական նիստի ընթացքում նման ցուցմունք չի ներկայացվել։ Նշենք, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել առանց պաշտպանների ներկայության, թեև պաշտպան Ռաֆայելյանը գրավոր դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով, որ առանց պաշտպանների մասնակցության Նազարյանի մասնակցությամբ քննչական կամ դատավարական գործողություններ չիրականացվեն։

«Շատ հաճախ հանդիպող դեպք է, երբ վարույթն իրականացնող մարմինը հստակ իմանալով, որ իր կողմից անձին ձերբակալելը եղել է ոչ իրավաչափ, մինչ դրա վերաբերյալ ներկայացված բողոքի քննության իրականացումը, բերում է անձին կալանավորելու մասին միջնորդություն, որ երկուսը միաժամանակ քննարկվեն»,- ասաց պաշտպանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ գործով ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.